Կաշառքն ու ապօրինի գործարքները ոչ միայն ռեսուրսներ են գողանում առավել խոցելի զանգվածներից, այլև ոտնահարում արդարադատությունն ու տնտեսական զարգացումը, ինչպես նաև խարխլում հանրության վստահությունը կառավարության ու երկրի առաջնորդների հանդեպ։ Այս մասին ասված է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ – 2014» զեկույցի մեջ։
Ըստ կազմակերպության՝ հանրային հատվածի կոռուպմացվածության մակարդակն ամբողջ աշխարհում տագնապալի իրավիճակ է պատկերում․ զեկույցում ներկայացված 175 պետություններից ոչ մեկը բարձրագույն միավոր չի ստացել, իսկ երկրների երկու երրորդից ավելին ստացել է 50 միավորից պակաս՝ 0-ից (կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ) մինչև 100 (կոռուպցիայի ամենացածր մակարդակ) սանդղակով:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» ներկայացրած աղյուսակի համաձայն, Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցիչն անցյալ տարվա համեմատ բարելավվել է 1 միավորով՝ կազմելով 37։ Հայաստանը, սակայն, նախորդ տարվա համեմատ իր տեղը աղյուսակում չի բարելավել և շարունակում է 94-րդ հորիզոնականը կիսել Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբայի և Պանամայի հետ։
Վրաստանը 52 միավորով զբաղեցրել է 50֊րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 5 տեղով։ Թուրքիան զբաղեցրել է 64֊րդ հորիզոնականը՝ 45 միավորով, Ադրբեջանը՝ 126֊րդ հորիզոնականը՝ 29 միավորով, Ռուսաստանը՝ 136֊րդը՝ 27 միավորով։
Զեկույցի համաձայն՝ առաջին տեղն այս տարի զբաղեցրել է Դանիան, որի կոռուպցիայի ընկալման ցուցիչը կազմել է 92 միավոր։ Երկրորդ հորիզոնականում Նոր Զելանդիան է՝ 91 միավորով, երրորդ տեղում՝ Ֆինլանդիան՝ 89 միավորով։