հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՀՀԿ֊ականը սպառնում է․ Արամ Մանուկյանի վրա հարձակվողին ազատել են ստորագրության դիմաց (թարմացված)

ՀՀԿ֊ականը սպառնում է․ Արամ Մանուկյանի վրա հարձակվողին ազատել են ստորագրության դիմաց (թարմացված)

41-ամյա Արշակ Սվազյանը, ով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա դեկտեմբերի 11-ին հարձակում կատարելու կասկածանքով, ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի ղեկավար Սոնա Տռուզյանը։  Նա նշել է, որ Սվազյանը գործով ներգրավված է որպես կասկածյալ, նրա նկատմամբ արդեն իսկ քննչական գործողություններ են իրականացվել։ Կասկածյալը տարվել է դեպքի վայր, որտեղ նա պատմել է, թե ինչպես է դարանակալել, հարձակվել պատգամավորի վրա և հարվածել դեմքին։ Ըստ Տռուզյանի, Սվազյանը նաև պատմել է, թե ինչ հագուստ է եղել իր հագին այդ օրը։

Սվազյանը ՀՀԿ֊ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից մեկն է, գրում է Ilur.am֊ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Ըստ մեր հայթայթած առաջին տեղեկությունների, Սվազյանը եղել է Շմայսի մեքենաներից մեկի վարորդը, սակայն պաշտոնապես ձևակերպված չի եղել որպես վարորդ։ Նշենք, որ ժամանակին Սվազյանի վրա քրեական գործ է հարուցված եղել, որը կապված էր թանկարժեք քարերի մաքսանենգության հետ», ֊ գրում է կայքը:

Slaq.am֊ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը (լուսանկարում) ասել է, որ ինքը Արշակ Սվազյան անուն֊ազգանունով վարորդ չի ունեցել։ Ըստ կայքի՝ Արշակ Սվազյանը Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ է:

«Կարող է 100 հոգու էլ ձերբակալեն որպես կասկածյալ, ինչ խնդիր կա: Ինքն ընդհանրապես նման բաներից հեռու մարդ է եղել, իր գործով իր աշխատանքով աշխատել: Գյուղում էլ է աշխատել, բայց վերջին տարիներին դուրս էր գնում»,- Slaq.am-ի հետ զրույցում ասել է Թաթուլ համայնքի ղեկավար Ալբերտ Հարոյանը։

News.am կայքի աղբյուրների համաձայն, «Արշակը պատմել է, որ ինքը ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին․ նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել և հարվածել դեմքին»: Կայքում տեղադրված նյութի նախնական տարբերակում նաև նշված է եղել, որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերը և ադրբեջանցիները հայերին ծաղրել են՝ ասելով, թե «ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում և հայհոյում են նախագահին: Արշակը պատմել է, որ այդ խոսքերը իրեն «թասիբի են գցել» և, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները և հնչեցրած խոսքերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: Հետագայում նյութից ադրբեջանցիների կողմից ծաղրի ենթարկվելու մասը հանվել է։ 

Նշենք, որ Սվազյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը հայտնվելուց մի քանի ժամ առաջ News.am֊ը զրուցել էր Առաքել Մովսիսյանի հետ՝ հարցնելով վերջին օրերին ազատամարտիկների նկատմամբ իրականացված բռնության դեպքերի մասին։

«Ոչ մի բան էլ չկա սրա հետևում: Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա ա: Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել», – սպառնացել է Առաքել Մովսիսյանը։

լուսանկարը՝ shamshyan.com կայքից