Home / Հայաստան / Խուզարկություն «Ազատություն» ռ/կ֊ի Բաքվի գրասենյակում

Խուզարկություն «Ազատություն» ռ/կ֊ի Բաքվի գրասենյակում

Դեկտեմբերի 26֊ի առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկություն անցկացնելու նպատակով ժամանել են «Ռադիո Ազադլիգ»֊ի («Ազատություն» ռ/կ֊ի ադրբեջանական ծառայություն) Բաքվի գրասենյակ, հայտնում է Contact.az կայքը։

Խուզարկությունն իրականացվում է դատարանի որոշման հիման վրա։ Գրասենյակում անջատվել են հեռախոսներն ու ինտերնետը։ «Ազադլիգ»֊ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ իրենց համակարգիչներին։

Կայքի փոխանցմամբ՝ խուզարկությանը մասնակցում են դատախազության աշխատակիցների կողմից բերված վկաներ։ Փաստաբան Յալչին Իմանովի պահանջից հետո թույլ է տրվել՝ խուզարկությանը մասնակցի նաև «Ռադիո Ազադլիգ»֊ի երկու աշխատակից։ 

Նշենք՝ վերջին ամիսներին Ադրբեջանում իրավապաշտպանների ու անկախ լրագրողների ձերբակալությունների շարքում ձերբակալվել է նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հադիջա Իսմայլովան։ Նրան մեղադրում են գործընկերոջն ինքնասպանության դրդելու մեջ։