Home / Հայաստան / Հայաստանը կարող է օգտվել ռուսական ռուբլու թուլացումից․ տնտեսագետն ասել է՝ ինչպես

Հայաստանը կարող է օգտվել ռուսական ռուբլու թուլացումից․ տնտեսագետն ասել է՝ ինչպես

Հայաստանում փոխարժեքային մեծ ցնցում չի եղել, իսկ խնդիրը հիմնականում կապված է ոչ թե դոլարի կամ եվրոյի, այլ ռուսական ռուբլու փոխարժեքի հետ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը` անդրադառնալով նախորդ տարվա վերջին գրանցված դրամի արժեզրկմանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում դոլարը մեկ տարվա կտրվածքով դրամի նկատմամբ արժևորվել է 17 տոկոսով, իսկ եվրոն՝ ընդամենը 3, մինչդեռ ռուսական ռուբլու նկատմամբ հայկական դրամն արժեզրկվել է 34 տոկոսով։ Փորձագետը դա տնտեսական առումով մտահոգիչ է համարում, քանի որ Ռուսաստանում վաստակող մարդկանց եկամուտը կտրուկ իջել է․ «Եթե փողը գալիս է Հայաստան, այն այդքանով արժեքը կորցրեց»։

«Ռուսաստանում ավելի շատ ինֆլյացիա է եղել, քան Հայաստանում, ռուբլին ավելի է արժեզրկվել դոլարի նկատմամբ, քան դրամը։ Դա նշանակում է, որ մեր մրցակցային դիրքը Ռուսաստանի հանդեպ կտրուկ նվազել է։ Մտնելով Եվրասիական տնտեսական միություն՝ մենք դեպի Ռուսաստան արտահանման վրա շատ մեծ տարիֆներ դրեցինք։ Մեր արտադրողների համար ռուսական շուկան զգալիորեն սահմանափակվեց, մինչդեռ ռուսական արտադրողների համար հայկական շուկան դարձավ ավելի մատչելի», ֊ ասել է տնտեսագետը։

Տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը պետք է օգտվի ռուսական ռուբլու թուլությունից, հումք ներկրի և տնտեսությունում օգտագործի։

«Մենք չկարողացանք օգտվել ոչ 1998 թվի ասիական ճգնաժամից, որը հետո դարձավ ռուսական, ոչ 2008֊ի մեծ ճգնաժամից։ Կհորդորեի դռները բացել նոր տեխնոլոգիաների, սարքավորումների առջև։ Նախորդ կառավարությունը դա կիսատ արեց, որն ավելի մեծ վնաս հասցրեց տնտեսությանը, քան սպասվում էր», ֊ ասել է Մանասերյանը։

Նա նշել է, որ ժամանակին կառավարությանն առաջարկել է մաքսատուրք չգանձել նման սարքավորումների համար։ Արդյունքում՝ կառավարությունը շեմ դրեց՝ 1 միլիոն դոլարին համարժեք դրամի չափ սարքավորում ներկրելու դեպքում մաքսատուրք չգանձել։

«Դա ջուր լցրեց խոշոր բիզնեսի ջրաղացի վրա, բայց ոչ փոքր և միջին, որը մեզ թթվածնի պես պետք է։ Շեմը պետք է ընդհանրապես վերանա։ Եթե շեշտը չդնենք տեղական արտադրության զարգացման վրա, այդ միջազգային շուկաներում կատարվող ցնցումները անդրադառնալու են Հայաստանի վրա և մենք լինելու ենք պասիվ, ազդակները ընդունողի դերում», ֊ եզրափակել է տնտեսագետը։