Գյումրիում երեկ ձերբակալված Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, այս պահին գտնվում է Շիրակի մարզի դատախազությունում՝ պահանջելով հանդիպում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ, փոխանցում է ԳԱԼԱ հեռուստաընկերության կայքը։
«Ես առայժմ ուզում եմ, որ նորմալ խոսենք, այս հարցը վերջանա, գնա: Եթե իմ հանդիպելուց հետո իմ տղային ազատ չարձակեն, ես հայտարարում եմ, որ այլևս պատասխանատու չեմ ոչնչի համար և կդիմեմ բավականին կտրուկ միջոցների»,- ասել է Ալեքսանյանի հայրը։
Նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որդին ավելի շատ ցուցարարներին հանդարտեցնողներից մեկն է եղել, քան խռովարար, ուստի անտրամաբանական է, թե ինչու են հենց որդուն ընտրել և ձերբակալել:
«Որդիս միտումնավոր է ընտրվել, ինքը Ասկերան ծառայած, երկու դիվերսիա հետ մղած, պարգևատրված տղա է: Ես՝ ազատամարտիկ: Մենք ոչ մի վատ բան չենք արել, մեր պահանջն արդար է: Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման, ես եմ խնդրել, աղաչել, ժամանակավորապես լռեցրել, ու եկել են դատախազի հետ հանդիպելու: Եթե ինձ դրական պատասխան չտան և որդուս ազատ չարձակեն, ապա այլևս ես ոչ մի բան ու ոչինչ չեմ զսպի»,- հայտարարել է Մնացականի հայրը:
Դատախազությունից նրան փոխանցել են, որ Րաֆֆի Ասլանյանի մոտ հրատապ ժողով է հրավիրված, և դատախազն այժմ նրան լսել չի կարող։
Լուսանկարը՝ GalaTv.am