Home / Տեսանյութեր / Լուծարված ընկերության աշխատողները չեն ուզում կիսել «նաիրիտցիների» ճակատագիրը․ ակցիա

Լուծարված ընկերության աշխատողները չեն ուզում կիսել «նաիրիտցիների» ճակատագիրը․ ակցիա

Անցյալ տարվա վերջին լուծարված «Կենտրոն Մաքրություն» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք անգործ են մնացել նախորդ տարվա դեկտեմբերից, սակայն մինչ օրս վերջնահաշվարկը չեն ստացել:

«Երեք ամիս է տանում֊բերում են քաղաքապետարան, թաղապետարան: Մենք լրիվ մեր հույսը կտրել ենք թաղապետարանից, դրա համար եկել ենք մեր նախագահից ենք խնդրում մեր փողերը տան մեզ: Եթե չէ, մենք չունենք նախագահ, կդիմենք, Ռուսաստանի, ԱՄՆ-ի նախագահներին»,-ասել է ընկերության նախկին աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ ընկերությունը իրենց տարիներ շարունակ արձակուրդի հնարավորություն չի տվել, ասել են՝ չունենք արձակուրդայինի գումար:

«Մեր մեջ կան մարդիկ, որ աշխատել են 10 տարի անդադար և մեծ գումարներ ունեն ստանալու: Օրինակ, ես ունեմ 689 հազար դրամ ստանալու գումար», – նշել է բողոքի ակցիայի մասնակից մի տղամարդ:

Նախագահական նստավայրի աշխատակիցներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ, բողոքողների հետ զրույցում ասել է, որ «Կենտրոն Մաքրություն» ընկերության աշխատողների հարցով թաղապետարանում հանձնաժողով է ստեղծվել:

Նա խորհուրդ է տվել գնալ թաղապետարան, ոչ թե նախագահականի դիմաց շարունակել ակցիան:

«Մեզ ասում են դիմում գրի, թե ինչքան գումար են քեզ պարտք: Իբր իրենք չգիտե՞ն: Եթե գրենք երկու միլիոն, տալո՞ւ են: Միևնույն է, նայելու, հաշվարկելու են, չէ՞: Ուղղակի սա հերթական փորձն է մեզ խաբելու»,-ասել է ակցիային մասնակցող մի կին:

«Կենտրոն Մաքրության» նախկին աշխատողները մտավախություն ունեն, որ իրենց հետ կվարվեն «Նաիրիտ»-ի աշխատողների նման, այսինքն՝ կասեն, որ գումարները հնարավոր չի վճարել, քանի դեռ չի վաճառվել լուծարված ընկերության գույքը:

Նշենք, որ «Կենտրոն Մաքրություն» ընկերությունը լուծարվել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, ընկերության 315 աշխատակիցներին այդ մասին հայտնել են դեկտեմբերի 20-ին, սակայն մինչ օրս գումարները չեն վճարել։