«Ակօս» թերթի խմբագրապետ, թուրքահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի՝ 2007 թվականին տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ փետրվարի 26֊ին, ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը (լուսանկարում), հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Անկարայում՝ դատախազ Գյոքալփ Քյոքչուի հրամանով։
Աքյուրեքը, ով Դինքի սպանության պահին զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանապետի պաշտոնը, մեղադրվում է ազգայնական Էրհան Թունջելի հետ կապեր ունենալու մեջ։
Հիշեցնենք՝ Ստամբուլում հայերեն ու թուրքերեն լեզուներով հրապարակվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից։ Վերջինս դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ ազգայնական Էրհան Թունջելը, ում մեղադրում էին սպանությունը պատվիրելու մեջ, արդարացվել է:
2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են 2007 հունվարին Տրապիզոնի ոստիկապանապետի պաշտոնը զբաղեցնող Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։
2015 թվականի հունվարին Ստամբուլի դատարանը Տրապիզոնի ոստիկանության հանձնակատարի տեղակալ Օզքուն Մումջուի և ոստիկան Մյուհիթին Զենիթի ձերբակալության հրաման էր արձակել՝ Դինքի սպանության քննության ժամանակ անփություն ցուցաբերելու մեղադրանքով։