Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը դեմ է այս տարվա հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայաստանցիների մասնակցությանը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է, որ չի պատրաստվում իր մարզիկներին տանել Բաքու՝ անվտանգության և մարզական նկատառումներից ելնելով։
«Բաքու թող գնան այն մարդիկ, ովքեր ընդունել են այդ որոշումը։ Ես ցանկություն չունեմ ու չեմ պատրաստվում գնալ Բաքու։ Դա չի նշանակում, թե մեր բռնցքամարտիկները չեն գնալու Բաքու, բռնցքամարտի ֆեդերացիայում աշխատում են Ադրբեջանում ծնված մարդիկ, այդ թվում՝ մարզիչներ, ովքեր կողմ են Բաքվի խաղերին մասնակցելուն, երազում են գնալ Ադրբեջան։ Թող նրանք էլ գնան։ Իսկ ես վստահ եմ, հայ բռնցքամարտիկներն անելիք չունեն Բաքվում, առաջին իսկ մենամարտից հետո բոլորին դուրս են թողնելու պայքարից։ Բռնցքամարտում մեծ է սուբյեկտիվ մրցավարության գործոնը, և մեր մազրիկներին ուղղակի «մորթելու են»։ Չեմ պատկերացնում նաև, թե ինչպես կարելի է նախապատրաստվել մրցումներին ավտոմատավորների հսկողության տակ, թշնամական վերաբերմունք ցույց տվող մարզադահլիճում», ֊ ասել է Թորոսյանը։
Նա ընդգծել է, որ Բաքու գնալը սխալ է նաև զուտ մարզական պատճառներով, քանի որ եվրոպական խաղերը կայանալու են հունիսին, իսկ օգոստոսի 4-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
«Ոչ մի բռնցքամարտիկ չի կարող ընդամենը մեկ ամսվա ընթացքում 2 խոշոր մրցաշարի մասնակցել», ֊ ասել է Թորոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ armenpress.am