Երեկ Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ 33 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Վեհաժողովը դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունները, հարգանքի տուրք մատուցում բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերին։ Բացի դա, բանաձևի հեղինակները կոչ են անում Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ, իսկ Հայաստանին և Թուրքիային հորդորում են հետևել եվրոպական ազգերի հաշտեցման հաջողված օրինակներին։
Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Ալեքսեևը հայտարարել է, թե չնայած հայ-ուկրաինական բարեկամական հարաբերություններին, իրենք չեն միացել բանաձևին երկու պատճառով․ նախ՝ քանի որ Հայաստանի պատվիրակությունը ամբողջությամբ չի քվեարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին բանաձևի օգտին, բացի դա, պատճառը նաև Հայաստանի դիրքորոշումն է, որ չի ընդունում ուկրաիանական Հոլոդոմորը որպես ցեղասպանություն:
«Եվրանեսթ»֊ի նիստում ընդունվել է նաև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև՝ 38 կողմ, 9 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, իր հերթին, նշել է, որ այդ բանաձևի վերաբերյալ հայկական պատվիրակությունում միասնական մոտեցում չկա:
«Անձամբ ես դեմ եմ քվեարկելու այդ բանաձևին, որովհետև չեմ կարծում, որ այդ բանաձևերը իրականում արտահայտում են այսօրվա իրավիճակը, որովհետև իրավիճակը, որքանով որ ես եմ տեղյակ պարբերաբար փոխվում է և որոշակի դեէսկալացիա է նկատվում և պետք է դրական սպասելիքների միջավայր ձևավոևենք», – նշել է Արտակ Զաքարյանը: