Հայաստանի տարբեր մարզերում խուզարկում են «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնություն գրասենյակները և նախաձեռնության անդամների բնակարանները։ Այս մասին ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանից» հայտնել էին Երևանում խուզարկությունների և նախաձեռնության անդամներին բերման ենթարկելու մասին։
Վանաձորում իր բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել նախաձեռնության անդամ Հովհաննես Ղազարյանը։ Հաղորդագրության համաձայն, խուզարկություն է ընթանում «Հիմնադիր խորհրդարան»֊ի Վանաձորի և Կապանի գրասենյակներում, նաև բերման է ենթարկվել նախաձեռնության Գյումրիի պատասխանատու Արամ Հակոբյանը, որի տան «կիսաբաց տանիքից թարմ փաթեթավորված նռնակ են գտել»:
Երևանում բերման ենթարկվածների թվում են նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, նրա եղբայր Թորոս Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, բերման է ենթարկվել նաև Գևորգ Սաֆարյանը։
Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, խուզարկությունները կապված են այն փաստի հետ, որ իրավապահ մարմինները տեղեկություններ են ձեռք բերել, թե «մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»։
Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանն» իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին իրենք չեն պատրաստվում խժդժություններ կազմակերպել։