հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Գործ սարքելու համար»․ «Հիմնադիր խորհրդարանի» անդամի տունը 4 ժամ խուզարկում էին․ «Ասպարեզ»

«Գործ սարքելու համար»․ «Հիմնադիր խորհրդարանի» անդամի տունը 4 ժամ խուզարկում էին․ «Ասպարեզ»

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության Գյումրիի ներկայացուցիչ Արամ Հակոբյանի տունը խուզարկել են 4 ժամվա ընթացքում՝ ապրիլի 7-ի առավոտյան 7-ից մինչև 11֊ը։ Այս մասին «Ասպարեզ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հակոբյանի որդին․ «Ժամը 7֊ի կողմերը քրեականի աշխատակիցները մեր տուն եկան, խուզարկության թույլտվություն ունեին, դատարանից փաստաթուղթ ներկայացրել էին։ Շարժման համար է երևի այդ ամենը տեղի ունեցել։ Մոտ 20 հոգի, 5֊7 մեքենայով եկել, առավոտվանից խուզարկում էին մեր բնակարանը։ Տան բաց տանիքի միջից փաթեթավորված նռնակ են հայտնաբերել։ Խուզարկության ժամանակ հեռախոսները վերցրել էին, ինտերնետ էլ չունենք»։

Հակոբյանի տանից կապարակնքել և տարել են նաև համակարգիչները, բջջային հեռախոսները, Հիմնադիր խորհրդարանի խտասկավառակները, նաև՝ որոշ փաստաթղթեր։

Դեռևս երեկ «Հիմնադիր խորհրդարանն» իր հաղորդագրություններից մեկում նշել էր, որ խուզարկության ընթացքում Հակոբյանի տանից «թարմ փաթեթավորված» նռնակ են գտել։ «Ասպարեզի» հետ զրույցում նախաձեռնության անդամներից մեկն ասել է, թե «Արամենց կռիշը բաց է, ով ինչ ուզի, կարող է գցել»։

«Դա էլ վրան գործ սարքելու համար են արել», ֊ ասել է թերթի զրուցակիցը։

Երեկ առավոտյան բերման ենթարկված նախաձեռնության ներկայացուցիչներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը և Արամ Հակոբյանը ձերբակալվել են։ Քննչական կոմիտեի համաձայն, նրանց կասկածում են քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: 

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, խուզարկությունները կապված են այն փաստի հետ, որ իրավապահ մարմինները տեղեկություններ են ձեռք բերել, թե «մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»։ Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանն» իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին իրենք չեն պատրաստվում խժդժություններ կազմակերպել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում