Home / Հայաստան / Աբովյանում քաղաքապետի թեկնածուները պնդում են, թե իշխանություններից «դաբրո» ունեն․ «Հրապարակ»

Աբովյանում քաղաքապետի թեկնածուները պնդում են, թե իշխանություններից «դաբրո» ունեն․ «Հրապարակ»

Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներն արդեն դե ֆակտո սկսել են քարոզարշավը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթին հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, Աբովյանի քաղաքապետարանում ժողով է արել, որին մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նա հայտարարել է, որ Աբովյանի քաղաքապետ պետք է դառնա Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գևոորգյանը: Գուլոյանը, ով նախկինում Աբովյանի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել ասել է, որ դա համաձայնեցված է բարձր իշխանության հետ:

«Կիրակի էլ Աբովյանի իր շտաբում «ժողով» է անցկացրել նաև Ծառուկյանի մորաքրոջ որդին՝ Էդվին Թադևոսյանը, որն էլ, իր հերթին, է վստահեցրել, թե ՀՀ նախագահն իրեն է սատարում: Հավանական թեկնածուներից է համարվում նաև Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ինչպես նաև Ծառուկյանի սանիկ Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով նույնպես փորձում է ստանալ իշխանությունների «դաբրոն»: Մեր տեղեկություններով, նախագահը դեռ որոշում չի կայացրել, առայժմ ոչ մեկին չի ասել, թե Աբովյանում ով է քաղաքապետ դառնալու: Ենթադրվում է, որ այս շաբաթ կայանալիք ՀՀԿ նիստում այդ մասին կհայտարարի», – գրում է թերթը։

Լուսանկարը՝ wikimedia.org