Home / Հայաստան / Նախարարը տեղյակ չէ, որ բնակիչները Ամուլսարի ծրագրի դեմ դատական հայց են ներկայացրել

Նախարարը տեղյակ չէ, որ բնակիչները Ամուլսարի ծրագրի դեմ դատական հայց են ներկայացրել

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին՝ հաշվի առնելով համայնքների դրական եզրակացությունները, ավագանու որոշումները, ժողովրդի ցանկությունը։ Այս մասին ecolur.org֊ի հետ զրույցում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

«Համայնքը ներկայացնում է բոլոր բնապահպանական խնդիրները: Այդ բոլոր ներկայացված բնապահպանական խնդիրները հաշվի են առնվում շրջակա միջավայրի փորձագետների և հրավիրված մասնագետների կողմից: Եթե նրանք ներկայացնում են, որ որևէ բնապահպանական խնդիր չի առաջանալու, ես, բնականաբար, պետք է հավատամ և հասկանամ, որ դա այդպես է,- ասել է Գրիգորյանը։ ֊ Մեր պետությունը հնարավորություն ունի զարգանալու: Դա էլ ճիշտ չէ, որ մենք մեր ռեսուրսներն այսօր չօգտագործենք… Մենք հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց նաև թույլ չտանք, որպեսզի մասնավոր ներդրողները, ձեռնարկատերերն իրենց ցանկություններով շարժվեն, այլ [պետք է] շարժվեն օրենքով, խնդիրը սա է: Երբ բոլորը օրենքով կարողանան շարժվել, մենք կունենանք մեծ հաջողություններ»:

Ecolur.org֊ի այն դիտարկմանը, թե հարակից համայնքների բնակիչները դատական հայց են ներկայացրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, նախարարը պատասխանել է, թե այդ մասին տեղեկացված չէ:

Նշենք, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգությունն էին հայտնել հանքավայրի մոտ գտնվող Գնդեվազ համայնքի բնակիչները՝ պահանջելով դադարեցնել շահագործումը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակ չկառուցել։