հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Թեղուտը գործում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո»․ բնապահպանները կպահանջեն քրգործ հարուցել

«Թեղուտը գործում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո»․ բնապահպանները կպահանջեն քրգործ հարուցել

Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում մեկնել է «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը: Նա նաև մասնակցել է Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Նույն օրը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն անօրինական է։

Բնապահպանները նշում են, որ Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի իրավասու մարմիններին, այդ թվում՝ իրավապահներին ներկայացրել է բազմաթիվ չհերքված փաստեր անօրինականությունների ծավալների ու դրանց քրեական բնույթի վերաբերյալ:

«Չնայած մեր նախաձեռնության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներին, նախապատրաստական աշխատանքները սկսելուց ի վեր Բնապահպանական պետական տեսչությունը մինչ օրս նշված հանքավայրում չի իրականացրել գեթ մեկ ստուգում: Սա ուղղակի ապացույց է, որ Թեղուտի շահագործման գործընթացն իրականացվում է ամենավերին օղակների, իսկ մեր տեղեկություններով՝ անձամբ Հայաստանի դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորչությամբ:

Մենք այս պահին ունենք հսկայածավալ իրավական նյութ, որի հիման վրա առաջիկա ամիսներին նախաձեռնելու ենք դատական գործընթաց՝ հանքավայրի անօրինական շահագործումը դադարեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման հայցով, ինչպես նաև իրավական փաստերը ներկայացնելու ենք քրեական հետապնդման մարմիններին՝ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:

Չունենալով պատրանքներ, թե այսօր Հայաստանում առկա համակարգային կոռուպցիայի պայմաններում հնարավոր է իրավական ճանապարհով հասնել արդարադատության՝ մենք նաև համագործակցության առաջարկ ենք ներկայացնելու բոլոր քաղաքական միավորներին, միջազգային կառույցներին և անհատներին՝ Թեղուտի հիմնախնդիրը դարձնելով միջազգային ֆինանսական հոսքերը դադարեցնելու և կոռումպացված քաղաքական իշխանության տապալմանը նպաստելու հիմքերից մեկը: Այն այլասերված իրավախախտումները, որոնք առաջիկայում հանրամատչելի կերպով կներկայացնենք հանրությանը վաղը դառնալու են այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների քրեական պատասխանատվության ենթարկելու փաստական բազան», ֊ նշում են բնապահպանները:

Հայտարարության հեղինակներն ընդգծում են նաև, որ, անկախ ֆաբրիկայի գործարկման փաստից, իրենք հասնելու ենք նրան, որ հանքավայրի շահագործումը դադարեցվի, իսկ ֆաբրիկան և դրան կից ենթակառուցվածքները վերապրոֆիլավորվեն այլ բնույթի տնտեսական գործունեություն, սկսած՝ պահածոների արտադրությունից մինչև ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու համար։