Home / Հայաստան / Հայտնի են Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կալանավորվածների անունները

Հայտնի են Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կալանավորվածների անունները

Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Յուրիկ Մանուչարյանին և Դերենիկ Հակոբյանին, ովքեր, ըստ նախաքննության տվյալների, հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ մայիսի 2-ին Մուշեղ և Հարություն Զաքարյաններին ծեծի են ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ընկերների հետ։ Խաչատրյանին, սակայն, առ այս պահը մեղադրանք չեն առաջադրել և չեն ձերբակալել։

«Քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս», ֊ հաղորդում է Քննչական կոմիտեն։

Նշենք, որ Մուշեղ Զաքարյանը միջին ծանրության վնասվածքներ է ստացել, մինչդեռ նրա եղբայրը, համաձայն դատաբժշկական փորձաքննության, ծանր վնասվածքներ է ստացել։ Ավելի վաղ Հարություն Զաքարյանը Epress.am֊ի հետ զրույցում պատմել է, որ միջադեպի հետևանքով ինքը կորցրել է աջ աչքի տեսողությունը, իսկ մյուս աչքի տեսողություն վատացել է 40 տոկոսով։