Փաստաբանական գործողություններ կատարելու համար փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը իրավապաշտպան գործունեության և շահերի պաշտպանության նկատմամբ պետական ոտնձգություն է։ Այս մասին ասված է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների այսօր տարածած հայտարարության մեջ, որը դատապարտում է փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործը։
Հիշեցնենք, որ փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իր պաշտպանյալ Ժուլիետա Ամարիկյանին հոգեբուժարանում ապօրինի պահելու, արժանապատվությունը նվաստացնելու և բռնության ենթարկելու փաստի առթիվ հարուցված գործով դատավարության ընթացքում միջնորդություններ ներկայացնելու համար: Համաձայն քննիչի, Հայրապետյանը «3 անգամ իր պաշտպանյալ Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննությունները խափանել է և փորձաքննության նիստերից մեկի ժամանակ փորձագետներին սադրիչ հարցեր է տվել»:
«Իրավունքի գերակայություն», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Ընդդեմ իրավական կամայականության», Բաց հասարակության հիմնադրամներ և այլ ՀԿ֊ները հիշեցնում են, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, և պետության կողմից իրավապաշտպան գործունեության նկատմամբ նման վերաբերմունքն անթույալտրելի է, հակաօրինական և դատապարտելի:
ՀԿ֊ները պահանջում են անհապաղ դադարեցնել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնող քննիչին ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին հայտնել հանրությանը։
Հիշեցնենք, որ ինքը Տիգրան Հայրապետյանը ևս Epress.am-ի հետ զրույցում ասել էր, իր դեմ քրեական գործը ոչ այլ ինչ է քան ահաբեկում և հարուցվել է օրենքով չնախատեսված հիմքերով:
«Քրեական գործ կարող է հարուցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդման, կամ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա: Կամ երբ քննիչը մի գործով զբաղվելիս այլ հանցագործություն է հայտնաբերում, պետք է առանձնացնի այդ գործը: Իսկ այս դեպքում քննիչը «զեկուցագիր» է գրել իր վերադասին, ինչն իր և իր վերադասի հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է։ Սակայն դա հիմք է հանդիսացել իմ դեմ քրեական գործ հարուցելու համար»,- ասել էր Հայրապետյանը:
Նշենք, որ քննիչի գործողությունները խոչընդոտելը ՀՀ օրենսդրությամբ (քր. օրենսգիրք 332 հոդված, 2-րդ մաս) պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ կամ 200-300 հազար դրամ տուգանքով: