Ներկայումս Հայաստանում անազատության մեջ է գտնվում քաղաքական հայացքների համար հետապնդվող 13 անձ: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստված տեղեկանքում, որը վերնագրված է «Քաղաքական բանտարկյալները՝ Հայաստանում»:
Տեղեկանքը ներառում է տեղեկատվություն ոչ միայն այն բանտարկյալների վերաբերյալ, ովքեր ներկայումս (կամ 2014-2015թթ.) իրենց պատիժն են կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում, այլ նաև այն անձանց, ովքեր դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար և պատիժը կրելուց հետո ազատ են արձակվել:
Ցուցակում ընդգրկվել է Շանթ Հարությունյանը և նրա աջակիցները՝ Վարդան Վարդանյանը, Ալեք Պողոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ալբերտ Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, Սևակ Մնացականյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Հարությունյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Միսակ Առաքելյանը, ինչպես նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
Տեղեկանքի հեղինակները հիշեցնում են, որ 2013 թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը, ով դեռևս հոկտեմբերի 31-ից «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով նստացույց էր սկսել «Ազատության» հրապարակում, ձեռնարկել էր «Դիմակների երթ», որը նվիրված էր Գայ Ֆոքսի միջազգային օրվան։ Այդ օրը ձերբակալվել է 20 անձ, որոնցից 6-ը ազատ են արձակվել և գործով ներգրավվել որպես վկա: Ընդդիմադիր քաղաքական գործիչ և «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, նրա 12 գաղափարակից ընկերները և ևս մեկ անձ` Անուշավան Գրիգորյանը, կալանավորվել են 2013 թ. նոյեմբերի 8-ին:
Ձերբակալված 14 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին և 2-րդ մասերի հատկանիշով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Նախաքննական մարմնի 2014 թ. մարտի 31-ի որոշմամբ ներկայացված մեղադրանքները փոփոխվել են: Առաջադրված մեղադրանքները վերավորակվել են ՀՀ ՔՕ 258 -րդ հոդվածի հատկանիշներով՝ Խուլիգանություն:
Շանթ Հարությունյանին ցուցակում հաջորդում է Հայկ Կյուրեղյանը, ով ձերբակալվել է 2014 թ. հունիսի 12-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն), 316-րդ հոդվածի 2- րդ մաս (ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը): Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:
Ցուցակում են ընգրկվել նաև պահեստազորի գնտապետ Վոլոդյա Ավետիսյանը և դերասան Վարդան Պետրոսյանը։
Ավետիսյանը ձերբակալվել է 2013 թ. սեպտեմբերի 20-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (խարդախության փորձ, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով), 178 հոդվածի 2- րդ մասի 2-րդ ու 5-րդ կետեր (Խարդախություն, որը կատարվել է՝ խոշոր չափերով, կաշառք ստանալու պատրվակով): Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Վարդան Պետրոսյանը կալանավորվել է 2013 թ.-ի նոյեմբերի 8-ին ։ Նրա մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Դերասանը դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով և 2 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից: 2015թ. սեպտեմբերի 4-ից Վարդան Պետրոսյանը պատիժը կրում է բաց ռեժիմով: