Home / Տեսանյութեր / Ամրապնդում են իշխանությունը. համայնքների խոշորացումն ու Դիլիջանի ընտրությունները

Ամրապնդում են իշխանությունը. համայնքների խոշորացումն ու Դիլիջանի ընտրությունները

«Հանրապետության նախագահն էլ, որ լսում ես, նախընտրական շատ լավ խոստումներ ա տալիս։ Մեր համայնքի ղեկավարի թեկնածուներն էլ հիմա ասում են, որ սաղ լավ կլի։ Հիմա ի՞նչ, հավատա՞նք»։ Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Հաղարծին գյուղի բնակիչն արտահայտում էր իր համագյուղացիներից շատերի կարծիքը։ Համենայնդեպս, գյուղի կենտրոնում հավաքված զրույցին մասնակցող 7-8 տղամարդկանցից մեկը միայն ասաց, որ Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններից հետո «մեր համար կարող ա լավ լինի»։ Մնացածը հիշում էին անցյալի դառը փորձը․երկրի իշխանություններից երբեք էլ լավ բան չեն տեսել, գյուղական համայնքների վիճակն էլ շարունակում է աղետալի մնալ։ Այն, որ հավատալու տեղ չի մնացել, ասում էին շատերը տարբեր համայնքներում. մասնավորապես, Հովք գյուղի բնակիչներից մեկը հիշեցրել է, թե ինչպես 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ թեկնածուներից մեկը խոստացել էր, որ գյուղը կգազաֆիկացվի։ Անգամ բերել է գազի խողովակները, սակայն ընտրություններից հետո դրանք հավաքել-տարել է:

Ընտրություններ․ Խոշորացում

2015-ի մայիսի 17-ին Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում հանրաքվե էր անցկացվել․ մի շարք համայնքների բնակիչներին հարցնում էին՝ արդյոք իրենք ցանկանում են միավորվել։ Դեռևս հանրաքվեից առաջ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասել էր, որ թեև հանրաքվեն պարտադիր է, այն միայն խորհրդատվական նշանակություն ունի․2005 թվականի սահմանադրական փոփոխություններով՝ համայնքների միավորման հարցերի մասին վերջնական քաղաքական որոշումը կարող է ԱԺ-ն ընդունել։ Տավուշի մարզի 6 համայնքներ՝ Դիլիջան, Հովք, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Թեղուտ և Հաղարծին, պետք է որոշեին՝ ցանկանում են արդյոք միավորվել Դիլիջան անվան տակ։ Հանրաքվեն ձևական բնույթ էր կրում, ընտրատեղամասեր գնաց ընտրողների 1/3-ը։ Խոշոր գյուղերը՝ Հաղարծինը, Գոշը և Թեղուտը, դեմ քվեարկեցին միավորմանը, փոքրերը՝ կողմ, բայց բոլոր այդ գյուղերում քվեարկությունը դեր չէր խաղում, որովհետև 14 հազար ընտրող ունեցող Դիլիջանում 3 հազարից ավել մարդ կողմ քվեարկեց խոշորացմանը և հարցը լուծված համարվեց։ Հաղարծինում և Թեղուտում այսօր էլ վրդովված խոսում են անիմաստ հանրաքվեի մասին։ Փետրվարի 14-ին վերոնշյալ 7 բնակավայրերը պետք է ընտրեն միասնական համայնքապետին և 15 անդամ ունեցող ավագանի։

Դիլիջան և գյուղեր  

Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների խումբը Հաղարծին էր եկել  շաբաթը օրը, և այցելությունը հետաքրքրություն առաջացրեց գյուղի կենտրոնում հավաքված մարդկանց մոտ։ Նրանք խմբերի բաժանված լրագրողների պատմում էին խոշորացման հետ կապված խնդիրների մասին։ Չնայած գործող քաղաքապետի երկու թեկնածուներն էլ գյուղ էին եկել և խոստացել լուծել հաղարծինցիների բազմաթիվ խնդիրները, մեր զրուցակիցները հիմնականում հոռետեսորեն էին տրամադրված։ Նրանք նշում էին, որ ավագանիում Հաղարծինը 1-2 ներկայացուցչից ավել չի ունենա, միասին բոլոր գյուղերը առավելագույնը 4-5 ներկայացուցիչ կարող են ունենալ, իսկ դիլիջանցիները մեծամասնություն կկազմեն։ Ավագանու 32 թեկնածուներից 15-ը Դիլիջանից են, և միայն 10-ն են ներկայացնում գյուղերը: Դա նշանակում է, որ Դիլիջան համայնքում ընդգրկված նախկին գյուղերը կմնան հիմնականում դիլիջանցիներից բաղկացած ավագանու բարեհաճությանը։

1gosh

Գյուղեր այցելելուց մեկ օր առաջ Դիլիջանի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը, որը փետրվարի 14-ին հաղթելու իր հնարավորությունները 65-70 տոկոս էր գնահատում, լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ Դիլիջանի համայնքապետարանն ավելի լավ կլուծի գյուղական համայնքում առկա ճանապարհների, ջրամատակարարման ցանցի վերանորոգման խնդիները, քան դա եղել է մինչ օրս։

santrosyan

Սանթրոսյանը նաև չէր համարում, որ գյուղերը, մասնավորապես, 4500 բնակիչ ունեցող Հաղարծինը, զրկվում են ինքնավարությունից․ նրա խոսքով՝ յուրաքանչյուր հաղարծինցի Տավուշի մարզի սահմաններից դուրս ներկայանում է որպես դիլիջանցի, Հաղարծինից շատերը Դիլիջան են տեղափոխվել բնակության։

Հաղարծինում, սակայն, մեր զրուցակիցներից մի քանիսը պնդեցին, որ գործող գյուղապետից գոհ էին, բոլորը բոլորին ճանաչում են և իրենք կարողանում են համայնքի ներսում հանգիստ լուծել ծագող խնդիրները, մինչդեռ ներկայիս ընտրություններից հետո իրենք զրկվում են խնդիրներն անմիջականորեն քննարկելու  և դրանց լուծում տալու հնարավորությունից։

gosh (1)

Մեր այցելած գրեթե բոլոր գյուղերում հիմնական տրամադրությունն անորոշությունն էր։ Մարդկանց կանգնեցրել են խոշորացման փաստի առաջ, և նրանք այժմ այդ մասին մտածելու կամ խոսելու մեծ ցանկություն էլ չունեն։ Հանապազօրյա հաց հայթհայթելու խնդիրը շատերի համար առավել արդիական է, իշխանությունների խոստումներին վաղուց չեն հավատում։ Հասարակ բնակիչների և պաշտոնյաների ու թեկնածուների կարծիքը խնդրի շուրջ կտրուկ տարբերվում է։ Գոշում, օրինակ, ավագանու թեկնածուն վստահեցրեց, որ խոշորացումը լավ է, սակայն նա էլ հստակ չկարողացավ ձևակերպել, թե ինչու, խոսեց հիմնականում «եթե»-ներով։ Մինչդեռ գյուղի բնակիչ 50-ամյա Արծրունը հակառակ կարծիքին է։

«Դա միֆոլոգիա է», – խոշորացման դրական կողմերի մասին հարցին պատասխանելով՝ ասաց գոշեցին։

Այլ է դիլիջանցիների մոտեցումը։ Ի տարբերություն գյուղերի՝ դիլիջանցիները մի բանում համոզված են՝ խոշորացումն իրենց համար լավ է:

«Դե մենք դիլիջանցի ենք,  մեզ հարմար կլինի, գյուղացիների համար չեմ կարող ասել», – մեզ հետ զրույցում ասաց 70-ամյա Ամալյա Հախվերդյանը: Շատերը կիսում են նրա կարծիքը:

Մի բան ամեն դեպքում հստակ էր։ Ո՛չ դիլիջանցիները, ո՛չ էլ մերձակա գյուղերի բնակիչները հստակ չեն պատկերացնում, թե ինչ էական օգուտներ կտա համայնքների խոշորացումը։ Գոշեցիներից շատերը, օրինակ, համոզված են՝ հերթական մի բան են փորձարկում իրենց վրա, առանց հստակ իմանալու՝ ինչ է դա իրականում։

poorhousegosh

Թեղուտի արդեն նախկին գյուղապետը՝ Արարատ Թամրազյանը, չնայած կողմ է համայնքների խոշորացմանը, սակայն ինքն էլ հստակ չի գիտակցում՝ ինչ է դա և ինչու է ինքը դրական վերաբերվում դրան․«Բոլորին հայտնի չէ դեռ, թե հետագայում ինչ է լինելու, ինչ է էս ծրագրի նպատակը։ Պետք է գործի, որ տեսնենք»։

Իսկ ո՞վ է պատասխան տալու, եթե այս ծրագիրը շատ ավելի վատ արդյունք ունենա։ «Դե վերևներից ինչ ասում են՝ լավ ա, ուրեմն մի բան գիտեն», – ասաց փետրվարի 14-ից հետո արդեն նախկին գյուղապետը։

Դիլիջանն աշխատել է գյուղերում

Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, բայց խոշոր գյուղերի, օրինակ, Հաղարծինի և Թեղուտի գյուղապետերը որպես ավագանու անդամ չէին առաջադրվել։ Ինչպես հետագայում պարզեցինք գյուղացիների հետ զրույցների ընթացքում, նրանց հետ «աշխատել էին» Դիլիջանից։ Հաղարծինում 45-ամյա մի կին, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենց գյուղապետին չեն երաշխավորել, թե նա ավագանում տեղ կստանա, այդ իսկ պատճառով էլ նա հրաժարվել է մասնակցել ընտրություններին։ Հետագայում մենք մի քանի անգամ ճշտող վարկած լսեցինք. Դիլիջանից չառաջադրվելու դիմաց գյուղապետին խոստացել էին քաղաքում աշխատանք տալ։

hagharcin

60-ին մոտ մի տղամարդ էլ ասաց, որ իրենց գյուղը կարող է ընդհանրապես չունենալ ավագանու անդամ։ Գործող գյուղապետը, ով կարող էր միավորել գյուղացիներին, չի առաջադրվել, և ուրեմն մարդկանց մի մասը կարող է ընտրել Դիլիջանում առաջադրված իրենց բարեկամներին, իսկ մնացած ձայները կբաշխվեն հաղարծինցի թեկնածուների միջև, ու արդյունքում բոլորն էլ քիչ թվով քվեներ կստանան։

Նման իրավիճակ էր նաև Թեղուտում՝ գործող գյուղապետը չէր առաջադրվել: Մեզ «գաղտնի» ասացին, որ Դիլիջանից նրան խոստացել են գյուղում որպես վարչական ներկայացուցիչ թողնել։ Թե ով է այդ խոստումը տվել՝ Արմեն Սանթրոսյանը, թե  քաղաքապետի մյուս թեկնածու Ժորա Սահաբալյանը, մեզ պարզել չհաջողվեց։

Թեղուտում ավագանու 3 թեկնածու կար, ու ակնհայտ էր, որ այստեղից էլ թեկնածուներից մեկն առավելագույն թվով ձայներ չի տանելու, ու դա էլ օգուտ էր դիլիջանցի թեկնածուներին։ Թեղուտի ընտրատեղամասի դիմաց մեզ հետ զրույցի բռնված երիտասարդը դարձյալ դժգոհեց խոշորացումից, ապա նշեց, որ անկախ ամեն ինչից «Թեղուտն ինքն ա որոշելու իր հարցերը»։ Դիլիջանցի թեկնածուները, կարծես, այդպես չեն մտածում։

dilijanteghut

Ընտրությունների ընթացքը

Դեռևս նախորդ օրը Տավուշի մարզի անցուդարձից տեղյակ մարդիկ մեզ ասել էին, որ, ի տարբերություն մայիսյան հանրաքվեի, մասնակցությունը մեծ է լինելու։ Նրանք դա պայմանավորում էին նրանով, որ ավագանու անդամի 32 թեկնածու կա, բոլորն էլ ակտիվ աշխատում են, բարեկամ-ծանոթներին հորդորում գնալ տեղամասեր, իրենց օգտին քվեարկել։ Փոքր համայնքներում դա աշխատում է, գրեթե ոչ ոք չի կարող մերժել։ Գոշեցի Արծրունը թեև խոշորացմանը դեմ է, բայց ընտրության գնալու է, ասում է, որ իրենց տուն այդ հարցով հազար ծանոթ-բարեկամ է մտել-դուրս եկել:

electionvillage

Գյուղերում մեզ ասացին, որ եթե միայն քաղաքապետի ընտրություններ լինեին, իրենց առանձնապես չէր հետաքրքրի, թե դիլիջանցիներից որ մեկը կընտրվի, սակայն ավագանու ընտրությունների պատճառով իրենք գնալու են քվեարկության։

Ընտրությունների օրը մարդկանց, իհարկե, նաև ուղղորդում էին․ Դիլիջանում մի քանի տեղամասերի մոտ կուտակումներ տեսանք: Տեղամասերի դիմաց կանգնած էին նաև ինչ-որ երիտասարդներ, որոնք, ըստ երևույթի, հաշվառում էին եկող-գնացողներին: Լրագրողների մոտենալուն պես նրանք հեռանում էին տեղամասի դիմացից: Բայց լուրջ խախտումներ, օրինակ, լայնածավալ լցոնումներ և կրկնաքվեարկության դեպքեր, որոնք գրանցվել էին Սահմանադրության նախագծի հանրաքվեին, մենք չնկատեցինք:

3dilijan

Ամրապնդում են իշխանությունը

Փետրվարի 14-ին նորաստեղծ Դիլիջան համայնքն ընտրում էր քաղաքապետին և ավագանու անդամներին։ Խոշորացումը տեղի ունեցավ, իսկ դրա հետևանքները դժվար թե դրական լինեն, քանի որ դրանց նախաձեռնողը ներկայիս իշխանությունն է:  Գուցե, որոշ եվրոպական երկրներում դա կարող է հնարավորություն տալ կրճատել ապարատի ծախսերը, ավելի արդյունավետ օգտագործել համայնքի միջոցները, ավելի արագ որոշումներ կայացնել, սակայն Հայաստանում որոշումներ կայացնելու այլ մեխանիզմներ են գործում, այն մեխանիզմները, որոնք սովորաբար գործում են միակուսակցական համակարգի պարագայում։ Պատահական չէ, որ ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետի թեկնածու, ինքնաառաջադրված Ժորա Սահաբալյանն առանց վարանելու ասաց, որ ընտրվելու դեպքում ՀՀԿ-ի հետ անպայման համագործակցելու է: Սահաբալյանը, ի դեպ, նախկին ՀՀԿ-ական է:

Ամփոփելով խոշորացման թեման՝ կարող ենք նշել, որ ինչ-որ բան ինքնուրույն որոշելու գրեթե ոչ մի հնարավորություն չունեցող մարդկանց վերջնականապես զրկեցին ինքնավարությունից, իսկ ՀՀԿ-ն հնարավորություն ստացավ աշխատել ոչ թե 7 համայնքապետերի, այլ 1 մարդու՝ Դիլիջանի ղեկավարի հետ, որն էլ հետագայում հրահանգ կստանա ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Իշխող կուսակցությունը, բարեփոխումների անվան տակ, հերթական անգամ ամրապնդեց իշխանության ուղղահայաց կառուցվածքը և իր համար հեշտացրեց համակարգի աշխատանքը։ Խոշորացումը վերևից պարտադրված հերթական միջոցառումն էր, որը համայնքների բնակիչների հետ իրականում ոչ մի կապ չունի։

electionsteghut

Շահանե Խաչատրյան

Արմեն Մելիքբեկյան

Տիգրան Խաչատրյան