Գլխավոր / Հայաստան / Դատավորը խանգարեց ամբաստանյալին պատմել խոշտանգումների մասին

Դատավորը խանգարեց ամբաստանյալին պատմել խոշտանգումների մասին

Հակաիշխանական տարբեր խաղաղ ակցիաների մասնակից, բազմակի դատապարտված երևանաբնակ ինժեներ Վարդգես Գասպարին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից այսօր 6 ժամով հեռացվել է դահլիճից՝ դատական նիստի «բնականոն ընթացքը խոչընդոտելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու» պատճառաբանությամբ։

Իր գործով նիստերը բոյկոտելու համար վերջերս ձերբակալված ու փետրվարի 26֊ին ազատ արձակված Գասպարին այսօրվա նիստի ժամանակ ևս պառկել է դահլիճում՝ հրաժարվելով կատարել Բաղդասարյանի հրահանգները, քանի որ վերջինս ընդհատել է «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում խոշտանգումների մասին Գասպարիի ելույթը։

Ամբաստանյալը նշել է, որ դատավորը խոչընդոտում է իր խոսքի ազատությունը՝ թույլ չտալով օգտվել իր իրավունքներից, հետևաբար, ինքը վերսկսում է բոյկոտը Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ դատական նիստերի դեմ: 

Ակտիվիստը, պառկելով գետնին, հրաժարվել է մասնակցել դատական նիստին: Բաղդասարյանի՝ «պատշաճ դիրք» ընդունելու ապարդյուն հորդորներից հետո, ակտիվիստին, ոտքերից ու ձեռքերից բռնած, նիստերի դահլիճից դուրս են բերել կարգադրիչները։

Գասպարիի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը հրաժարվել են առանց իրենց պաշտպանյալի շարունակել նիստը և նույնպես հեռացել են դահլիճից: Նախագահող դատավորը հայտարարարել է, որ առանց իր թույլտվության փաստաբանները չեն կարող լքել դահլիճն ու ինքը պատրաստվում է դիմել Փաստաբանների պալատ՝ «դատավորի օրինական պահանջներին չենթարկվելու» համար պաշտպանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով։

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր՝ առանց նախապես զգուշացվելու: Ակտիվիստն ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում նաև տեղափոխվել էր Նորքի հոգեբուժարան՝ «դատահոգեբանական փորձաքննության»։ Մի շարք տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների համոզմամբ՝ Գասպարիի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ուներ։