ՀՀ Գլխավոր դատախազությունը չի հաստատել հունվարի 1-ից կալանավորված «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ Սաֆարյանը մեղադրվում էր ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Դատախազությունը գործը դատարան չի ուղարկել՝ այն ուղարկելով լրացուցիչ քննության։ Վերացվել է նաև Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ոստիկանների գործողությունները Սաֆարյանի և ընկերների դեմ համարվել էին իրավաչափ։ Ոստիկանների դեմ հարուցված, ապա կարճված քրեական գործը Դատախազությունը ևս ուղարկել է նոր քննության։
«Այն, որ նախաքննությունը ընթացել էր բազմաթիվ սխալներով և գործը այդպես չէր կարող գնալ դատարան՝ ակնհայտ էր, որովհետև նախաքննությունը տարվել էր մի ուղղությամբ և ամբողջ նպատակն այն էր, որ հաստատվի, թե Գևորգը կատարել է ինչ-որ գործողություններ, ոորնք կարելի է բնութագրել բռնություն ոստիկանի նկատմամբ, բայց նախաքննությունը պետք է բազմակողմանի լինի։ Բոլոր ցուցմունքները տվել էին միայն ոստիկանները, ովքեր, բնականաբար, պաշտպանել են իրենց վերադաս ոստիկանին։ Նման գործը դատարան ուղարկելը անթույլատրելի էր, ինչը, հավանաբար, ՀՀ գլխավոր դատախազը հասկացել է և գործը հետ է ուղարկել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գևորգ Սաֆարյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը։
Նա նշել է, որ իրենք վաղ թե ուշ կալանավորման գործով բողոքարկելու են Եվրոպական դատարան և իրավապահներն այժմ փորձում են շտկել սխալները՝ եվրոպական կառույցների առջև չխայտառակվելու համար․ «Եթե այսպիսի խախտումներով գործը գնար դատարան և դատարանն էլ մեղադրական որոշում կայացներ, ապա շատ կոպիտ կխախտվեր Գևորգ Սաֆարյանի իրավունքները, որի արդյուքնում հերթական որոշումը կունենաինք, որ Հայաստանում անձն իր խոսքի ազատության համար հայտնվել է բանտում՝ ինչն էլ ԵԽԽՎ-ի գնահատմամբ դիտվում է որպես քաղբանտարկյալ, իսկ նման պիտակներ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը պետք չի։ Իրենք այս ամենը հասկացել են և փորձում են շտկել ու ճիշտ իրավական որակումներ և գնահատականներ տալ գործին»։
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից, ապա հացադուլ սկսել՝ պահանջելով իրեն առանձին խուց տեղափոխել՝ իր անվտանգությունը ապահովելու համար: Նրան առանձին խուց են տեղափոխել, որից հետո Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը։