Home / Հայաստան / Գրության հեղինակը մահացած կուրսանտը չէ, դատարանում պնդել են փորձագետները

Գրության հեղինակը մահացած կուրսանտը չէ, դատարանում պնդել են փորձագետները

«Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար, կներեք» գրության հեղինակը սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանը չէ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ներկայացվել է ձեռագրաբան-հոգեբանների կարծիքը, գրում է Iravaban.net-ը:

Կայքի հաղորդմամբ, փորձագետ Մարիամ Մեհրաբյանը խնդրահարույց է համարել հատկապես «քաշքշուկ» բառի առկայությունը գրության մեջ:

«Սա շատ կարևոր բառ է։ Ինքնասպանություն իրագործող մարդն ինքն այդ պահին միայն մտածում է, թե ինչքան դժվար է ապրել, իսկ թե ապագայում ինչ տեղի կունենա, նրան չի հետաքրքրում: Չունենք այնպիսի երևույթ, որ քաշքշուկ բառը այդքան ընդգծված գրվի, այն էլ մեծատառով, ինքնասպանություն գործող մարդը ապագայի մասին այլևս չի մտածում, մտածում է իր մասին, թե ինչպես փրկվի: Ինքնասպանության եզրին գտնվողն ունենում է նեղ երևակայություն, այսինքն ապագայի պլանավորումն ու ներողության հայցումը նրա պատկերացումների մեջ չեն մտնում»,- ասել է փորձագետը:

Մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը կասկածի տակ է դրել փորձաքննության մեթոդոլոգիան: Ըստ նրա՝ այն վերցված է ռուսական մոդելից և անհրաժեշտ էր, որպեսզի մոդելն ապրոբացիա (փորձորոշում) անցներ հայոց լեզվի համար:

Փորձագետ Մեհրաբյանը, սակայն, հավաստիացրել է, որ առանց ապրոբացիայի էլ փորձաքննության հավաստիության աստիճանը կազմում է մինչև 99 տոկոս:

Այնուամենայնիվ, ամբաստանյալների պաշտպանները փորձաքննությունը կրկին անցկացնելու միջնորդություն են ներկայացրել՝ հիմնավորելով, որ փորձագետները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանին գտել են 2015թ. հունվարի 29-ին վաղ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում։ Նախաքննության համաձայն,  կուրսանտին կախելուց առաջ 4 մեղադրյալները փակել են նրա բերանը՝ զրկելով օգնության կանչելու հնարավորությունից, սուր կտրող֊ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։ Սպանված երիտասարդի հայրը պնդում է, որ որդուն սպանողները երկտող գրելով փորձել են ստեղծել ինքնասպանության իմիտացիա: Սպանության մեջ մեղադրվում են Բարսեղյանի համածառայակիցներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը: