Երեկ՝ ապրիլի 13-ին մոտ 8 ժամ դեպի Գեղարդ տանող ճանապարհը փակելուց հետո Գառնի գյուղի բնակիչները բացել են այն, երբ բավարարվել է նրանց պահանջը և շինարարական տեխնիկան դուրս է բերվել Ազատի կիրճից։
Epress.am-ի հետ զրույցում Գառնիի բնակիչ Արուսյակ Այվազյանն ասել է, որ բնակիչները այդքանով չեն բավարարվելու, և իրենց նպատակը Ազատի գետից Արարատի մարզ ջուր տեղափոխելու ծրագրի չեղյալ հայտարարելն է։
Երեկ բողոքող քաղաքացիներին էր միացել նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով, գառնեցիների խոսքով, միջամտել է, որպեսզի Ազատի կիրճում աշխատանքները դադարեցվեն։
«Մեզ սկզբից ասեցին, որ տեխնիկան հանվել է, բայց մեր տղաներից մեկը կիրճում էր ու ասեց, որ դեռ աշխատում են։ Հետո Նիկոլ Փաշինյանը նորից ահազանգեց ու միայն դրանից հետո իսկապես տեխնիկան դուրս հանեցին ու մեր համաձայնած տեղում կայանեցին։ Մեզ խոստացան, որ շինաշխատանքները չեն վեսկսվի այնքան ժամանակ, մինչև չնստենք բանակցությունների սեղանի շուրջ, որին մասնակցելու ցանկություն հայտնեց նաև Նիկոլ Փաշինյանը», ֊ պատմել է Այվազյանը։
Նշենք, որ ապրիլի 13-ին կայացած բողոքի ակցիայի ընթացքում գառնեցիները պնդում էին, որ Ազատ գետից ջուրը խողովակներով Արարատի մարզ տեղափոխելը լուրջ բնապահպանական խնդիր կառաջացնի, քանի որ գետը կցամաքի և կչորանան հարակից այգիները։ Գառնեցիները նշում էին, որ գետի ջուրը տանում են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը ոռոգելու համար։