Home / Հայաստան / Դիտորդները դեռ չեն այցելել ծանր վիճակում գտնվող կալանավորին, ահազանգում են իրավապաշտպանները

Դիտորդները դեռ չեն այցելել ծանր վիճակում գտնվող կալանավորին, ահազանգում են իրավապաշտպանները

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն արդեն երեք օր է չեն արձագանքում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ահազանգին։ Իրավապաշտպանները խնդրում են այցելել արդեն 4 օր հացադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանին։

Epress.am-ի հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը նշել է, որ այս պահին Հրաչյա Գևորգյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և յուրաքանչյուր օր նրա համար կարող է ճակատագրական լինել:

«Մենք Հրաչյայի հացադուլ հայտարարելու հենց հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին, դիմել ենք և՛ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, և՛ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, սակայն առավոտյան Հրաչյայի մայրը տեղեկացրեց, որ դեռ ոչ ոք չի այցելել, իսկ նրա վիճակը գնալով ավելի է ծանրանում: Այս ամենը նրան կարող է մահվան հասցնել: Ես չեմ պատկերացնում, թե ում խղճին է մնալու այդ տղայի վիճակը», ֊ նշել է Կարապետյանցը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Ասյա Սարկիզովան «Հելսինկյան ասոցիացիայի» հետ զրույցում ասել է, որ իրենք ծանոթ են գործին, բազմիցս այցելել կալանավորին, ծանոթացել են նաև բուժմասի փաստաթղթերին, ըստ որոնց կալանավորը ստանում է բավարար բուժում և անհրաժեշտ դեղամիջոցներ, պարզապես անհայտ պատճառներով անընդհատ բողոքում է։

Նշենք, որ, համաձայն ախտորոշման, Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։

Նա ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ բանտի ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։

Գևորգյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է վերջին 2 տարիների ընթացքում, նա շարունակաբար պահանջել է իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, ի նշան բողոքի մի քանի անգամ մեխ և ասեղ է կուլ տվել, որից հետո իր պահանջը կատարվել է։ Գևորգյանի գործով վճիռը կարդալու օրը մեղադրյալը դատարան էր եկել բենզինի տարայով,  ինքնահրզիկման փորձ էր արել, բայց իրավապահները տարան նրա ձեռքից վերցրել էին։ Դատավոր Մարինե Մելքոնյանը Գևորգյանին մեղավոր է ճանաչել գործով որպես տուժող անցնող Նաիրա Հարությունյանին պատանդ վերցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և շորթում կատարելու հոդվածներով և 8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Միևնույն ժամանակ, դատարանը Գևորգյանին անմեղ է ճանաչել Հարությունյանի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։

Նա մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում։ Գևորգյանը պնդում է, որ գործն իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանի սարքած դավադրությունն է։ Դատավարությունը 4 տարի է տևել, և այդ ընթացքում Գևորգյանը կալանքի տակ է եղել։ Գործը ձգձգվում էր դատախազի և դատավորի փոփոխության պատճառով։ Դատավարության ընթացքում Գևորգյանը պահանջել էր Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի դեմ քրգործ հարուցել՝ պնդելով, որ վերջինս սպառնացել է իրեն, սակայն Հատուկ քննչական ծառայությունում գործի հարուցում մերժվել է։