Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը՝ համաձայն որի՝ Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը երկու ամսում պետք է լքի իր բնակարանը։ Վերջինս պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան՝ սեփականության իր իրավունը պահպանելու համար։
«Եթե այս հարցը չլուծվի, մեր շենքի մոտ 20 ընտանիք դիմելու է ինքնապաշտպանության, մենք դուրս չենք գալու մեր բնակարաններից», – ասել է Գերավետյանը։
Նշենք, որ Հյուսիսային պողոտայի մոտ գտնվող Տերյան 23 շենքի բնակիչների և գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերզ» ընկերության միջև բանակցություններ էին ընթանում, որոնց մասնակցում են նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ներկայացուցիչները։ Գերավետյանի խոսքով՝ եթե այս բանակցությունները ընթանային և Մայրապետյանը նույնպես մասնակցեր, գուցե, կողմերը համաձայնության գային և այս հարցը լուծում գտներ։
«Բայց Մայրապետյանը որևէ խոսք չի ասել այդ հարցում։ Փաստորեն, նախագահը հրահանգել էր կարգավորել այս հարցը, բայց հաստատվեց, որ Մայրապետյանին է ծառայում նաև նախագահը և ստացվում է, որ մի մարդու շահը գերակա է մոտ 20 ընտանիքի շահերից։ Դե, որ էդպես է, թող հենց Մայրապետյանը դառնա նախագահ․․․ես պնդում եմ, որ Մայարպետյանը թալանչի է, նա հարկեր չի մուծում, նա Քոչարյանի կառուցապատողն է․․․ ՀՀ նախագահը պարտավոր է Մայրապետյանին դնի իր տեղը, Քոչարյանին էլ հետը և ապացուցի, որ Քոչարյանից գոնե պրծել ենք», – ասել է Գերավետյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել էին բացառիկ հանրային գերակա շահ և որոշում էր ընդունվել դրանք քանդել, տարածքը հանձնելով Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերզ» ընկերությանը, որն էլ պետք է փոխհատուցում տա բնակիչներին։ Վերջիններս հրաժարվում են լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, իսկ գումարի այլընտրանքը՝ տրամադրվող բնակարանները, բնակիչների պնդմամբ՝ վատ որակի են: