Home / Տեսանյութեր / Սաֆարյանի գործով վկա ոստիկաններն իրարամերժ վկայութուններ են տվել

Սաֆարյանի գործով վկա ոստիկաններն իրարամերժ վկայութուններ են տվել

Ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով հունվարից անազատության մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործով անցնող վկա ոստիկան Գագիկ Թումասյանն այսօրվա դատական նիստի ժամանակ  հավաստիացրել է, որ տոնածառի հագուստով Ազատության հրապարակ մտնելը իրավախախտում չէր:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Գևորգ Սաֆարյանի գործով վկաներ հանդիսացող ոստիկանների հարցաքննությունը: Երկու վկա ոստիկաններն անդրադարձել են հունվարի 1-ի միջադեպին, երբ «Հիմնադիր խորհրդարան» ու «Նոր Հայաստան» շարժումների ներկայացուցիչները փորձել են տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, որի ընթացքում էլ սկսվել է ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկը: Քաղաքացիներից մեկն այդ օրը տոնածառի հագուստով է եղել:

Վկաներից ոստիկանության աշխատակից Գագիկ Թումասյանը հարցաքննության ընթացքում պնդել է, որ տոնածառի մուտքը ազատության հրապարակ արգելելու մասին իրենց ոչ մի հրահանգ չի եղել: Գործով մյուս վկա Լևոն Գրիգորյանը, հակառակը, հավաստիացրել է, որ քաղաքապետարանի որոշման հիման վրա իրենց թվարկել են արգելված իրերի ցանկը, որի մեջ եղել է նաև տոնածառը:

Նա նաև նշել է, որ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու պահին Գևորգ Սաֆարյանը կռացած է եղել, իսկ Խաչատրյանը կանգնած, մինչդեռ մի քանի այլ վկաներ հավաստիացրել էին, որ Գեղամ Խաչատրյանը հարվածի պահին կռացած է եղել, քանի որ այդ պահին նա փորձել է բարձրացնել իր կողմից կիրառած հնարքի արդյունքում գետնին հայտնված տոնածառի հանդերձով Հովհաննես Ղազարյանին:

Թումասյանը, իր հերթին, ասել է, որ հոնքի հատվածում վնասվածք ստացած Գեղամ Խաչատրյանին հիվանդանոց ուղեկցել է ոստիկան Վաղինակ Մինասյանը, այնինչ վերջինս դատարանում ցուցմունքի ժամանակ ասել էր, որ ինքը Գեղամ Խաչատրյանին չի տարել հիվանդանոց:

Ոստիկանի նախաքննական և դատավարական վկայություններն իրարամերժ լինելու պատճառով փաստաբանը միջնորդել է դատարանին, որպեսզի հրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը: , որտեղ Թումասյանը նշել էր, որ իրենց հրահանգվել էր արգելել տոնածառի մուտքը հրապարակ: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: