Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստանի տարածք արգելված է։ Այս մասին քաղաքագետին տեղեկացրել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, որտեղ օգոստոսի 30֊ին նրան ձերբակալել էին։
«Ես՝ Հայաստանի քաղաքացի Ստեփան Գևորգի Գրիգորյանս, հայտարարում եմ՝ 2016 թվականի օգոստոսի 30֊ին, առավոտյան ժամը 8֊ին ժամանեցի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։ Ռուսաստանի տարածք մուտք գործելու նպատակը մոսկովյան գերեզմանատներից մեկն այցելելն էր, որտեղ 2014 թվականի հոկտեմբերին հուղարկավորվել է հայրս՝ Գևորգ Գրիգորյանը։ Տրամադրությանս տակ ունեի ընդամենը տասը ժամ, քանի որ նույն օրը գիշերն արդեն պետք է վերադառնայի Երևան»,֊ ասված է Գրիգորյանի՝ երեկ տարածած հայտարարության մեջ։
Քաղաքագետին, սակայն, չի հաջողվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, քանի որ, ինչպես պարզվել է տեղում, նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030 թվականը։ Գրիգորյանն իր հայտարարության մեջ նշում է, որ իրեն տրամադրված ծանուցման մեջ եղել են հղումներ «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» օրենքին, որում, հիմնականում, խոսվում է օտարերկրյա քաղաքացիների՝ տարատեսակ քրեական և օրինախախտ գործողությունների մասին։
«Այս ամենն ինձ հետ որևէ կապ չունի, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում որևէ գործունեություն չեմ ծավալել։ Իմ դեպքում միայն նշանակություն ուներ սույն օրենքի 26֊րդ հոդվածի 9֊րդ կետը՝ Ռուսաստանի տարածքում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցած օտարերկրյա քաղաքացիների վտարում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն ակտիվորեն համագործակցում է եվրոպական ՀԿ֊ների, վերլուծական կենտրոնների ու մեր նախաձեռնություններին աջակցող այլ ժողովրդավարական հիմնադրամների հետ։ Բացի դա, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք ժողովրդավարական արժեքների վրա հիմնված եվրոպական ընտանիքի կազմում։ Բացահայտ է, որ ռուսաստանյան իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ հայտնի է՝ Ռուսաստանը ցանկանում է ճնշել հայաստանյան քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը։
Նույն օրն արտաքսվել եմ Հայաստան, թեև, ինչպես հետագայում հայտնի դարձավ, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նույնիսկ հիմա այդ երկրի տարածք իմ մուտքի վրա արգելք դրված չէ։ «Շերեմետևո» օդանավակայանում գտնվելու ողջ ընթացքում ինձանից խլել էին անձնագիրս՝ ինձ զրկելով է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Ցանկանում են բողոքս արտահայտել իմ հանդեպ ցուցաբերված նման անօրինականության դեմ։ 2016 թվականի օգոստոսի 30֊ին իրավունքներիս պաշտանության նպատակով դիմել եմ Հայաստանի արտգործնախարարություն ու դեռ մի քանի օր կսպասեմ նրանց պատասխանից, որից հետո կնախաձեռնեմ սեփական քայլերս՝ ուղղված ոտնահարված իրավունքներիս վերականգնմանը»,֊ գրել է Գրիգորյանը։