Home / Բանակ / Ոստիկանն իր կյանքը թանկ է գնահատում․ սևազգեստ մայրերին արգելեցին մոտենալ նախագահականին

Ոստիկանն իր կյանքը թանկ է գնահատում․ սևազգեստ մայրերին արգելեցին մոտենալ նախագահականին

Ոստիկաններն այսօր ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների մայրերին թույլ չեն տվել մոտենալ ՀՀ նախագահի նստավայրի դարպասներին։ 2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նախագահականի դարպասներին հասնելու համար դուրս է եկել փողոցի երթևեկելի հատված։ Ոստիկաններից մեկը, նույնպես դուրս գալով փողոցի երթևեկելի հատված, Մուրադյանին հորդորել է բարձրանալ մայթ՝ ասելով․ «Ես իմ կյանքը թանկ եմ գնահատում, կարող ա պատահարի ենթարկվեմ․․․»։

Ոստիկաններն իրենց որդիների մահվան հանգամանքների բացահայտումը պահանջող մայրերին ասել են, որ նախագահականի մոտ արգելված է ակցիա անել։

Նանա Մուրադյանը, պահանջելով բացել ճանապարհը, ասել է, որ Սերժ Սարգսյանն է մեղավոր իր որդու սպանությունը չբացահայտելու համար։ Նույն ոստիկանը, որը խոսել էր իր կյանքը թանկ գնահատելու մասին, մահացած զինվորի մորն ասել է․ «Դուք սխալ եք կողմնորոշվում՝ ով ա մեղավորը»։

2010 թվականին մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, նշել է, որ իրենք այսօր երկուսով են եկել, քանի որ մյուս ծնողները, որոնք ամեն անգամ իրենց հետ մասնակցել են ակցիաներին, այսօր հիվանդանոցում են և չեն կարողացել ներկա լինել։

«Սաղս էլ հիմա հիվանդ ենք, էդքան տարի պայքարելուց հետո հազար հիվանդություն ենք ստացել», – ասել է Ղազարյանը։

Մոտ երկու ժամ նախագահականի մայթին՝ դարպասներից մոտ 30 մետր վերև կանգնած մնալուց հետո, մայրերը հեռացել են։

Մանրամասները՝ տեսանյութում․