հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / «Ապրիլյան պատերազմը» օգնեց լրագրողներին հորինել զինվորի մահվան հանգամանքները

«Ապրիլյան պատերազմը» օգնեց լրագրողներին հորինել զինվորի մահվան հանգամանքները

Ղարաբաղի ռազմաճակատում ապրիլի սկզբին իրավիճակի կտրուկ թեժացումը զուգորդվեց տասնյակ զոհերի և մարտական գործողությունների մյուս մասնակիցների հերոսացմամբ։ Տեղական մեդիայի նման վարքագիծը հետին պլան գցեց այդ և մյուս օրերին բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի հանգամանքների բացահայտումը։ Ցայսօր լրատվամիջոցները շարունակում են ռազմական գործողություններով չպայմանավորված մահերը ներկայացնել իբրև «ապրիլյան պատերազմի» զոհեր։

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 20-ամյա ժամկետային զինծառայող Գևորգ Մղդեսյանը մահացել է ապրիլի 7-ին Ղարաբաղի առաջնագծում: Պաշտոնական վարկածը՝ հրազենային վիրավորում դեռևս չպարզված հանգամանքներում: Զինվորի մահվան դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ, որը դեռևս նախաքննության փուլում է: Գործով ձերբակալվել է Մղդեսյանի համածառայակիցներից մեկը: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»։ Գործը քննվում է Լեռնային Ղարաբաղում, կալանավորված զինծառայողի անունը նախաքննական գաղտնիք է։

Ապրիլի 8-ին Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում ներկայացրել էր 44 զինծառայողների անունները՝ հետևյալ գրառմամբ. «Ընդհանուր զոհերի ցուցակը՝ ապրիլի 2-8-ը»: Այդ ցուցակում կար Մղդեսյանի անունը։ Հոկտեմբերի սկզբին Epress.am-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից ուղարկեցին «ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում զոհվածների» ցուցակը, որտեղ Գևորգ Մղդեսյանի անունը նշված է «Ոչ մարտական կորուստներ» բաժնում։

44 զինծառայողների այս ցուցակն ապրիլին հրապարակում էին հայաստանյան լրատվամիջոցները, որոնց զգալի մասը նշում էր, որ զինծառայողները զոհվել են մարտական գործողությունների ժամանակ, չնայած ՊՆ խոսնակը չէր նշել, թե բոլոր այդ մարդիկ զոհվել են մարտերի ընթացքում:

Օրինակ, ըստ panarmenian.net-ի, ցուցակում նշվածները, այդ թվում՝ Մղդեսյանը, զոհվել են հանուն հայրենիքի «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ»։

Մինչ ռազմական գերատեսչությունը և նրան սպասարկող մեդիաները համոզում էին «պատերազմը լուսաբանելիս օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից», Պաշտպանության նախարարության պաշտոնաթերթը նույնպես ապատեղեկատվություն է տարածում։ «Հայ զինվոր»-ը շարունակում է պնդել, թե Մղդեսյանն այլոց թվում մահացել է մարտական գործողությունների ժամանակ․ «2016թ. ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ»:

Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը «Կորստից ծնված ապրելու ուժ» հոդվածում նույնիսկ «պարզել էր» Մղդեսյանի մահվան հանգամանքները։ Ըստ պարբերականի՝ Մղդեսյանը զոհվել է ապրիլի 7-ին՝ «հակառակորդի դիպուկահարի կրակոցից»:

Razm.info-ն Մղդեսյանի անունը հրապարակել է «Հայրենիքը պաշտպանելիս զոհված 44 զինծառայողների անունները. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար» հոդվածում։

Lratvakan.am-ը, հղում անելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին, Մղդեսյանի անունը ներառել էր ապրիլի 2-ից 5-ը մարտական գործողությունների ընթացքում զոհվածների թվում, չնայած զինծառայողը, ըստ ՀՀ ՊՆ-ի, 7-ին է մահացել։

Մղդեսյանին մարտական կորուստներին դասելիս՝ ՊԲ-ի ցուցակին են հղում անում ևս մի քանի կայքեր. Mediamax.am. «Փառք հերոսներին՝ հայտնի են զոհված 44 զինծառայողների անունները»: Ilur.am. «Զոհված զինծառայողների անունները. Ամբողջական. ՊԲ»։

ԱՄՆ֊ում գրանցված «Հայրենասեր» կազմակերպությունը, որն ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինվորների ընտանիքներին գումար էր նվիրաբերում, Մղդեսյանի հարազատներին փոխանցել էր 500 դոլար և երախտագիտության նամակ, որում նշված է, թե Մղդեսյանի և նրա զինակից ընկերների ցուցաբերած «անհավատալի քաջությունը ապշեցրել է և հուզել բոլորիս»:

«Իր անձնազոհությամբ Գևորգը կյանք պարգևեց բոլորիս՝ մեր զավակներին, մեր ծնողներին: Նա զոհեց իր զգացած սերը, որ մենք կարողանանք սիրել: Նա զոհեց իր կյանքի նպատակները, որ մենք կարողանանք մեր նպատակները իրագործել…», – մասնավորապես, նշում է «Հայրենասերը»։

Հարկ է նշել, որ Մղդեսյանի «ապրիլյան պատերազմից» դուրս զոհվելու մասին գրվել էր արդեն ապրիլի 8-ին «Հրապարակ» օրաթերթի կայքում։ Պարբերականը հրապարակման մեջ իր տեղեկություններով հայտնել էր, որ զինվորը զոհվել է զենքի անզգույշ օգտագործման հետևանքով․ «Գևորգ Մղդեսյանը 20 տարեկան էր, Կոտայքի մարզի Նոր Հաճնից էր: Ի դեպ, մեր տեղեկություններով` երիտասարդ տղայի հետ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, անզգուշությունը զենքը օգտագործելու ժամանակ: Նա շուտով պիտի զորացրվեր»: