Արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարությունները նախաձեռնել են Նուբարաշենի վտանգավոր քիմիական թափոնները վերացնելու ծրագիր։ Համաձայն ծրագրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտ պետք է ստեղծվի վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և դրանց վնասազերծման տեխնոլոգիական բազա։
Բնապահպանական մոտ 10 կազմակերպություններ բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով կասեցնել ծրագիրը, քանի որ պահեստի համար նախանշված 17 հեկտար մակերեսով վայրը «հանդիսանում է Սևանից ներծծվող ստորերկյա ջրերի այն հորիզոնների տարածքը, որոնք սնում են Աբովյան, Գառնի հասնող և Երևանը խմելու ջրով ապահովող աղբյուրները»։ Բացի դա, Հրազդան քաղաքից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վայրը Հայաստանի քիչ սևահողային տարածքներից է՝ անհրաժեշտ գյուղատնտեսության համար։
Այսօր «Օրհուս» կենտրոնի երևանյան գրասենյակում բնապահպանների մտահոգությունները փորձում էր փարատել ՄԱԿ֊ի ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը։ Նրա խոսքով՝ սա լավ առիթ է վերջապես լուծելու Նուբարաշենի պեստիցիդների աղբանոցի հարցը, քանի որ ծրագրի համար «Գլոբալ էկոլոգիական ֆոնդը» (ԳԷՖ) համաձայնել է տրամադրել 4.7 միլիոն դոլար, իսկ ծրագրի որակական մասը կարող են օգնել վերահսկել մտահոգ ՀԿ֊ները։
Բնապահպանների հարցին, թե հնարավոր է վայրը փոխել, թե դա այլևս չի քննարկվում, Ղարագեբակյանն ասել է, որ վայրը փոխելը «դժվար է»։
Քննարկման մասնակից «Էկո ակադեմիա» ՀԿ նախագահ Գրետա Գաբրիելյանն առաջարկել է թունավոր թափոնները հանել երկրից՝ վառելու մասնագիտացված գործարաններում։
«Ձեր ծրագրի մեջ գրված է, որ սա «կնպաստի ոլորտի զարգացմանը»։ Ի՞նչ ոլորտ։ Աշխարհը տեղ է ման գալիս թունավոր թափոններ պահելու համար, ԳԷՖ֊ի թեթև ձեռքով դա կլինի Հայաստանը», – ասել է նա։
Նա վարկած է առաջ քաշել, թե Ազգային ժողովը հենց այս ծրագրի համար է վերջերս փոխել «Թափոնների մասին» օրենքը, որով կազմակերպություններին տրվող լիցենզիաներն այժմ թույլ են տալիս նրանց ոչ միայն «տեղափոխել», այլև «տեղադրել թափոնները»։
«Էկոլուր» ՀԿ֊ի նախագահ Ինգա Զառաֆյանն ասել է, որ Հրազդանին շատ մոտ գտնվող տարածքը ընտրվել է, քանի որ այն պատկանում է Արտակարգ Իրավիճակների նախարարությանը, ոչ թե այն նպատճառով, որ դա ճիշտ է բնապահպանական տեսակետից։
«Սա է ընտրված, քանի որ ամեն ինչ սեփականաշնորհված է այս երկրում։ Կա երկու ռիսկ՝ պետք է տրվեն շրջակա միջավայրի ազդեցության և սոցիալական ազդեցության գնահատականներ։ Հանրային լսումներ պետք է անցկացվեն Հրազդանում։ «Առողջ Հրազդան» խումբ կա, և պետք է իմանալ, որ նրանք մեծ դիմադրություն ցույց կտան», – ասել է Զառաֆյանը։
Քննարկման մասնակից, «Հրազդանի մտավորականներ» ՀԿ֊ի ներկայացուցիչ Հակոբ Գաբրիելյանն էլ ավելացրել է, որ ոչ միայն Հրազդանի բնակիչները, այլև քաղաքապետարանում ու մարզպետարանում տեղյակ չեն իրենց մոտ կառուցվելիք թունաքիմիկատների պահուստի մասին։
Քննարկման վերջում բնապահպանները պայմանավորվել են ծրագրի հեղինակների հետ հանդիպել նոյեմբերի 7֊ին։