Home / Առողջապահություն / Զորակոչիկների համար ծրագիր է մշակվում․ նախարարն արձագանքել է երեխաների թերսնման հարցին

Զորակոչիկների համար ծրագիր է մշակվում․ նախարարն արձագանքել է երեխաների թերսնման հարցին

Հայաստանում երեխաները թերսնվում են և դա նաև ազդում է զորակոչի մակարդակի վրա։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը։ Կառավարությունից հարցին պատասխանել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ասելով միայն, որ կա ծրագիր հենց զորակոչիկների թերսնման հարցը լուծելու համար։

«Յուրաքանչյուր 5֊րդ երեխա քրոնիկորեն թերսնվում է, քանի որ չի ստանում բնականոն զարգացման համար անհրաժեշտ սննադական բաղադրիչները։ Դա հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան խնդիրների։ Երեխաների 19 տոկոսը թերաճ է, 8 տոկոսը՝ խիստ թերաճ։ Չքավորության բարձր մակարդակ ունեցող մարզերում, մասնավորապես, լեռնային և նախալեռնային շրջաններում, թերհաս է յուրաքանչյուր 4֊րդ երեխան։ Այս հիմնախնդիրը ազդում է նաև մեր զորակոչիկների վրա։ Շատերը զինակոչվում են՝ արդեն ֆիզիկական խնդիրներ ունենալով»,֊ նշել է Մհեր Շահգելդյանը։

Ալթունյանի խոսքով՝ տվյալ պահին ծրագիր է մշակվում մի ծրագիր, որով մինչ զորակոչային հասակը երեխաները կհայտնվեն Առողջապահության նախարարության ուշադրության ներքո, որպեսզի բացառվի թերսնման, առողջության վաթացարման որևէ գործոն։

«Ինչ վերաբերում է բուն հարցին, [այն] իր ծավալով այնքան մեծ է, որ կպահանջվի ժամանակ պատասխանելու համար։ Ես կխնդրեի գրավոր դիմել․.․»,֊ ասել է Առողջապահության նախարարը։

Պատգամավորը նշել է, որ հարցն ավելի լայն մոտեցում է պահանջում։ Օրինակ, կարելի է սննդային կտրոնները բաժանել, ու դա միայն Առողջապահույթան նախարարության գործառույթների շրջանակներում չէ։

Նշենք, որ մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերլուծության համաձայն, Հայաստանում երեխաների մեծ մասը խոցելի է կամ աղքատ։