Home / Ոստիկանություն / Ազատության հրապարակում նստացույց անողներին սպառնում են

Ազատության հրապարակում նստացույց անողներին սպառնում են

Ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ Ազատության հրապարակում արդեն 3֊րդ օրը նստացույց անող երիտասարդներին սպառնում և հետապնդում են։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նստացույցի նախաձեռնողներից քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

Նստացույցի առաջին և երկրորդ օրերին, նրա խոսքով, ոստիկանները մոտեցել են նստացույց անող երիտասարդներին և իբր անվտանգությունից ելնելով՝ անուներ են ճշտել։

Հարությունյանը պատմել է, որ նստացույցին մասնակցող երիտասարդներից շատերին սկսել են հետևել, մի քանիսին սպառնացել են հեռացնել համալսարանից, որոշների ծնողներին՝ աշխատանքից։

Ոստիկաններն այցելել են երիտասարդների տները, ծնողներին ստիպել, որ իրենց երեխաներին արգելեն գնալ Ազատության հրապարակ։ Հարությունյանը չի նշել այդ երիտասարդների անունները՝ վախենալով, որ նրանց նկատմամբ ճնշումները կավելանան։

«Էրեխեքից մեկին դպրոցից տարել են Ոստիկանության կենտրոնական բաժին, պահել են», – ասել է Հարությունյանը։

Նստացույցի մասնակիցներից մեկի՝ Գյումրիում բնակվող մի աղջկա բարեկամներին բերման են ենթարկել։

«Մի գյումրեցի աղջիկ կա, որի ծնողները գտնվում են արտասահմանում։ Զանգել են իրենց, ասել են, եթե ձեր աղջիկը չդադարեցնի, կտրուկ քայլերի ենք անցնելու։ Նրա հորեղբորն են սկզբից բերման ենթարկել, հետո հորեղբոր որդուն, պահանջել են, որ այդ աղջիկը ներկայանա Գյումրու ոստիկանություն, համապատասխան ցուցմունքներ տա և ստորագրի, որ այլևս չի մասնակցելու այդ նստացույցերին։ Դրանից հետո նոր բաց կթողնեն բերման ենթարկվածներին։ Այլապես ասել են՝ ծնողներիդ հետախուզում կտանք», – ասել է Հարությունյանը։

Նա նշել է, որ կոնկրետ իր հետ կապված ոչ մի սպառնալիք չի եղել․ «Այս անգամ կոնկրետ ինձ չեն սպառնում, այդ ձևով ինձ ուզում են Ազատության հրապարակում մենակ թողնել»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանն արդեն 21 օր հացադուլի մեջ է։ Նա հացադուլով է արձագանքել իրեն երկրորդ անգամ կալանավորելու Հատուկ քննչական ծառայության որոշմանը։ Նա հացադուլի մեջ է կալանավորման օրվանից՝ փետրվարի 9-ից։ Ի համերաշխություն Սարգսյանի բողոքի արդեն մի քանի անգամ բողոքի երթեր են կազմակերպել իսկ փետրվարի 28-ից մի քանի երիտասարդներ անժամկետ նստացույց են սկսել Ազատության հրապարակում։

Սարգսյանի պաշտպանները նշում են, որ հացադուլը շատ վտանգավոր կարող է լինել Սարգսյանի առողջության համար, քանի որ վերջինս արդեն տառապում է ծանր հիվանդություններով, և դրանց հիմքով էլ ստորագրությամբ ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին շուրջ 5 ամիս կալանավայրում լինելուց հետո։