Home / Դատարան / ՄԻԵԴ-ը վերջնականապես մերժեց Հայաստանին Բյուզանդի փողոցի բնակիչների գործով

ՄԻԵԴ-ը վերջնականապես մերժեց Հայաստանին Բյուզանդի փողոցի բնակիչների գործով

ՄԻԵԴ Մեծ Պալատի 5 հոգանոց դատական կազմը որոշել է մերժել Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը բողոքը, որով պահանջվում էր քննել  «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Սա նշանակում է, որ այս գործով վճիռն այլևս մտել է ուժի մեջ: Եվ այն հնարավոր չի լինի այլևս բեկանել նույնիսկ այն գումարի բազմապատիկ կաշառքով, ինչքան որ, ըստ մամուլի անդադրում հրապարակումների, վճարվել է այս գործով հայաստանյան դատավորներին մի քանի քրեական թափթփուկների և խարդախների կողմից՝ վստահորդիս ունեցվածքին տիրանալու համար», ֊ գրել է  Վահե Գրիգորյանը։

Եթե բողոքն ընդուվեր «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի քննությունը փաստացի նորից կանցկացվեր։ Իր որոշումով  ՄԻԵԴ―ը բավարարել էր հայցվորներ Վարդանյանի և Նանուշյանի հայցերը և հայցվորներին ու ՀՀ Կառավարությանը կոչ էր արել վնասի փոխհատուցման հարցը 3 ամսվա ընթացքում քննարկել և հաշտվելու մասին հայտնել ՄԻԵԴ-ին:

Հայցվորները իրենց նախնական դիմումում պահանջել էին աննախադեպ մեծ՝ 11 միլիոն եվրո փոխհատուցում:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի վճռում ներկայացված գործի նախապատմության մեջ նշվում է, որ 2005 թվականին Բյուզանդի փողոցի կառուցապատումը ստանձնած «Վիզկոն» ՍՊԸ֊ն փորձել է դատական կարգով անօրինական ճանաչել Վարդանյանի սեփականության իրավունքը հողատարածքի նկատմամբ։ Առաջին ատյանի դատարանը «Վիզկոնի» հայցը բավարարել է՝ նշելով, որ որևէ դատական ակտով Վարդանյանի սեփականությունը երբեք էլ ճանաչված չի եղել, թեև նման երկու ակտեր կային, որոնց հիմքով էլ Վերաքննիչ դատարանը հետագայում բավարարել է Վարդանյանի վերաքննիչ բողոքը։

Վճռաբեկ դատարանը, հանձին դատարանի նախագահ Արմեն Մկրտումյանի, երկու անգամ առաջարկել է վեճը հաշտությամբ կքնել։ Մի անգամ էլ ասել է, որ «վերջին անգամ է հնարավորություն տալիս» Վարդանյանին հաշտության գնալու։

Վարդանյանը, սակայն, առաջարկված հաշտության պայմաններին չի համաձայնել։ Վճռում միջազգային դատարանը գնահատել է Մկտրումյանի բառապաշարը՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի նախագահի խոսքերը «արդարացի կասկած» են հարուցում, որ «դատավորը կողմնակալ է»։ Ուստի ՄԻԵԴ֊ը ճանաչել է, որ Վարդանյանի արդար դատավարության իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6֊րդ հոդված) ՀՀ դատարանում խախտվել է։