Home / Դատարան / Դատախազը Արարատ Խանդոյանի համար 4 տարի խնդրեց․ Վոլոդյա Ավետիսյանը պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը

Դատախազը Արարատ Խանդոյանի համար 4 տարի խնդրեց․ Վոլոդյա Ավետիսյանը պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի գործով դատական նիստն այսօր ընդհատվել է ներկաների ծափահարություններով, ովքեր այդպես դիմավորել են դահլիճ մտնող քաղբանտարկյալ, այսօր առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ֊ից ազատված Վոլոդյա Ավետիսյանին։

Դատավորը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել, քանի որ ներկաները չեն ենթարկվել լռություն պահպանելու հրահանգին և շարունակել են ծափահարել։

Վոլոդյա Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ազատ արձակվելուց անմիջապես հետո դատարանի դահլիճ է եկել՝ Արարատ Խանդոյանին աջակցելու համար․ «Եկել եմ, որովհետև բռնապետություն է, պետք է պայքարենք, որ օրենքով երկիր լինի։ Էս ամեն ինչը շինծու է, որովհետև մարդկանց ճնշում են, հայ ազգին սպանում են ու ուզում են Հայաստանը դատարկեն։ Չգիտեմ՝ ում հրամանն է անում, և ում է ծառայում, բայց համենայնդեպս հայ ազգին չեն ծառայում այս իշխանությունները»։

Նա նաև տեղեկացրել է, որ այսօրվանից իր աջակիցների հետ միասին նստացույց են սկսելու պետական կառույցների շենքերի մոտ։

«Պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, պահանջում ենք էս իշխանությունների հրաժարականը՝ էս բռնապետությանը վերջ տալու համար։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ամեն ինչ լավ լինի հայ ժողովրդի համար։ Չգիտեմ ինչով կվերջանա այս ամենը, բայց ես ոչ իրանց սպառնալիքներից եմ վախենում, ոչ սպանություններից եմ վախենում»,-ասել է Ավետիսյանը։

Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվել է, որի ընթացքում դատախազ Հայկ Պետրոսյանը շարունակել է ընթերցել մեղադրական ելույթը և դատարանին միջնորդել է 4 տարվա ազատազրկման դատապարտել Խանդոյանին, ինչպես նաև անփոփոխ թողնել նրա նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Դատախազի ելույթը դահլիճում ներկաների մոտ դժգոհություն է առաջացրել։

Արարատ Խանդոյանը հայտարարություն անելու հնարավորութույն է պահանջել, որի ժամանակ նշել է, որ դատավորն ու դատախազը, հանցավոր համաձայնության գալով, հանցագործություն են կատարել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չի տվել Խանդոյանին շարունակել իր ելույթը՝ նշելով, որ մեղադրյալը կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու մարմնին՝ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությանը։

Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պաշտպանական ճառը պատրաստելու համար 2 շաբաթ ժամանակ է խնդրել և նիստը հետաձգվել է մինչև հունիսի 14-ը։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, նշել է, որ դատախազի միջնորդությունն անհիմն է․ «Ինքը զիբիլի վրի կատու է, զիբիլները հավաքել է, ապացույց է անում։ Նրանք 4 ախպեր կռիվ են արել հանուն հայրենիքի, բայց հայրենիքը ծախված է։ Դատարանից ես ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետև արդարադատություն չկա»։

Նշենք, որ ղարաբաղյան պատերազմի վետերան Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հավաք էր անցկացվել՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։ Նրա հարազատները համոզված են, որ նրան ձերբակալել են միայն այն պատճառով, որ Արայիկ Խանդոյանի բարեկամն է։