Home / Բանակ / ՊՆ֊ն չի ուզում «1000 դրամների» օրենքի գործով դատարանում պատասխանող լինել

ՊՆ֊ն չի ուզում «1000 դրամների» օրենքի գործով դատարանում պատասխանող լինել

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է պատասխանողի դերում լինել՝ «1000 դրամների» օրենքի դեմ բերված դիմումով հարուցված քաղաքացիական վարույթում։ Այս մասին այսօր հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Մ․ Սանթրոսյանը գործով առաջին դատական նիստի ժամանակ։

Դիմող կողմի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ ՊՆ ներկայացուցիչը ասել է՝ նախարարությունը «պատշաճ պատասխանող» չէ՝ հիմնավորելով, որ օրենքը իրենց չի վերաբերում, հավաքվող գումարները ՊՆ բյուջեի հետ կապ չեն ունենալու, այլ տրվելու են զինվորներին կամ նրանց զոհված լինելու դեպքում՝ հարազատներին։ Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ պատասխանող կողմ պետք է լինի միայն Ֆինանսների նախարարությունը։

Չատինյանն առարկել է՝ նշելով, որ Պաշտպանության նախարարությունն անմիջական կապ ունի օրենքի հետ, քանի որ խոսքը զինվորների մասին է, ովքեր պարտադիր ծառայության ընթացքում Պաշպանության նախարարության պատասխանատվության տակ են գտնվում։

Մյուս պատասխանող Ֆինանսների նախարարությունը գրավոր պատասխանել էր հայցվորներին նախկինում՝ ասելով, որ քանի որ կա ԱԺ կողմից ընդունված օրենք, «1000 դրամների» ֆոնդի ստեղծումը չի կարող անհիմն լինել։

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցադիմումի, սակայն, Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անհիմն հարստացել է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը և որ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

«1000 դրամները մեր գույքի մի մասն են, քանի որ մարդու աշխատավարձը, ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, հանդիսանում է անձի սեփականություն», ֊ ավելի վաղ ասել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Հաջորդ դատական նիստը կայանալու է 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին: