Home / Դատարան / Քաղաքացուն անհիմն կալանավորել էին․ ՄԻԵԴ֊ի վճիռը Հայաստանի դեմ

Քաղաքացուն անհիմն կալանավորել էին․ ՄԻԵԴ֊ի վճիռը Հայաստանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ՝ ճանաչելով, որ դիմող Արմեն Բադալյանն ապօրինի էր կալանավորվել: Այս շաբաթ հրապարակված վճռում միջազգային դատարանը շեշտում է, որ անհիմն կալանքը տարածված պրակտիկա է Հայաստանում, ինչը հաստատվել է նաև նախկինում «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» և այլ գործերով։

Արմեն Բադալյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Epress.am֊ին պատմել է, որ ոստիկանության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի քննչական բաժնի քննիչները կեղծ ցուցմունքներ են տվել Բադալյանի դեմ, թե իբր նա հեռախոսով սպառնացել է քննիչ Արմեն Ումուրշատյանին։ Բադալյանի դեմ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Նա կալանավորվել է և մնացել կալանքի տակ մոտ 1 տարի, ապա մեղավոր ճանաչվել։

«Դատավորը շատ երկար էր քննում, ձգում էր։ Դատաքննության ընթացքում հիմնավորվեց, որ սպառնալիքի մասին քննիչների ցուցմունքները սուտ են։ Բայց միևնույն է դատեցին»,- ասել է Վարոսյանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ Կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը պաշտպանել է կալանքը՝ համարելով այն հիմնավոր։ Նա նշել է, որ Բադալյանին ազատ արձակելը կարող էր խանգարել գործի քննությանը։ ՄԻԵԴ–ն այս հիմնավորումը չի ընդունել՝ ընդգծելով, որ մեղադրյալի վտանգավոր լինելը քննության համար չէր կարող աբստրակտ կերպով ի գիտություն ընդունվել. դա քննչական մարմինները պետք է փաստերով ապացուցեին։

Դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Արմեն Բադալյանին որպես փոխհատուցում վճարել 3000 եվրո: