Home / Բանակ / Զորակոչիկների պակասի պատճառով՝ բանակ են տանում նաև հիվանդություններ ունեցողներին․ իրավապաշտպան

Զորակոչիկների պակասի պատճառով՝ բանակ են տանում նաև հիվանդություններ ունեցողներին․ իրավապաշտպան

Նախորդ տարիների համեմատ վերջին շրջանում բանակ են զորակոչում նաև լուրջ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին, քանի որ Հայաստանում արդեն քիչ են արական սեռի ներկայցուցիչները։ Հելսինկյան ասամբելայի Վանաձորի գրասենյակ դիմած առողջական խնդիրներով 42 նորակոչիկներից 19-ը ճանաչվել են պիտանի զինվորական ծառայության համար։ Այս մասին մեզ հետ զրույցում ասել է կազմակերպության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։

19-ը զորակոչիկների մի մասն ունեցել է ողնաշարի հետ կապված հիվանդություններ, մի մասը՝ սրտի, զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ։ Մի քանի նորակոչիկ ունեցել է կրծքավանդակի դեֆորմացիա։ Զորակոչիներից մեկն ունեցել է Բեխչետի հիվանդություն, որի դեպքում բերանի խոռոչի և տեսողական օրգանների ախտահարում է առաջանում։

«Ծնողների խոսքով՝ զորակոչիկը բերանի խոռոչում վերքեր ունի, նա թույլ է իրեն զգում և հատուկ սննդակարգի կարքի ունի», – նշել է Սադիկյանը։

19-ը զորակոչիկները, համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ, հրաժարվել են զորակոչվել: Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Եվս 19 հոգին, չնայած առկա առողջական խնդիրներին, այնուամենայնիվ, զորակոչվել են ծառայության։

Սադիկյանը նշել է, որ նախորդ տարիների համեմատ շատ ավելի դժվար է հիվանդության դեպքում հասնել օրեքով սահմանված տարկետումների կամ ազատումներ ստանալ, քանի որ արական սեռի ներկայացուցիչների թիվը նվազել է․ «Ինչ-որ մեկը պետք է պաշտպանի հայրենիքը»։

Տարեցտարի առողջական խնդիրներ ունեցող ավելի ու ավելի շատ զորակոչիկներ են դիմում ՀՔԱՎ գրասենյակ։ 2013 դիմել է 18 հոգի, 2014-ին՝ 28, 2015-ին՝ 41, 2016-ին՝ 53, 2017-ին՝ 50 զորակոչիկ։ Դիմողների թվի աճը Սադիկյանը պայմանավորել է զորակոչիկների իրազեկվածությամբ և զինծառայողների շրջանում առողջական խնդիրների ավելացմամբ։

Սադիկյանը հիշել է մի նախադեպ, երբ զորակոչիկը տարբեր բժշկական հաստատությունների կողմից առողջության մասով ստացել է իրարամերժ եզրահանգումներ և ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության։ Հետագայում այդ որոշումը կազմակերպության կոմից բողոքարկվել է և զորակոչիկը ճանաչվել է ժամանակավորաես ոչ պիտանի։