Home / Армения / Կառավարությունն օտարեց Նալբանդյան փողոցում գտնվող տարածքը

Կառավարությունն օտարեց Նալբանդյան փողոցում գտնվող տարածքը

Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ։ «Կենտրոն» վարչական շրջանի համաձայնեցված գոտիավորման նախագծով և դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգով տվյալ թաղամասի համար նախատեսված է բակային տարածքում գտնվող մանկապարտեզի և խարխուլ շենքերի և շինությունների իրացում` տեղում նոր բազմահարկ շենքի և ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցմամբ։ Մեկ այլ որոշմամբ` գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է պետության անունից «Ավագշին» ՍՊԸ հետ կնքել նշված տարածքում գտնվող սեփականատերերին և պետությանը պատկանող հողամասերի և դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագիր։

Նշենք, որ այսօր «Ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ այդ տարածքում գտնվող ՀՀ ոստիկանության մանկապարտեզը գնել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն իր որոշումը պատճառաբանում է նրանով, որ տվյալ որոշումը հնարավորություն կտա բակային տարածքի վերականգնման ծրագիրը, որով նախատեսվում է բարեկարգել և կանաչապատել շրջակայքը, կառուցել խաղահրապարակներ, իրականացնել կառուցապատողի հաշվին, առանց բյուջետային միջոցներ ծախսելու։