Home / Հայաստան / «Իտալիան պոռնկանոց չէ». Կանայք Բերլուսկոնիի վրա ներքնազգեստ կնետեն

«Իտալիան պոռնկանոց չէ». Կանայք Բերլուսկոնիի վրա ներքնազգեստ կնետեն

Իտալիայում գործող «Ազատություն և արդարություն» հասարակական կազմակերպությունը 100 հազար ստորագրություն է հավաքել` պահանջելով Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականը: Բացի դա, կազմակերպության ներկայացուցիչները պատրաստվում են գալիք կիրակի ակցիա կազմակերպել, որի ընթացքում կանայք պատրաստվում են ներքնազգեստ և անդրավարտիքներ նետել Բեռլուսկոնիի վրա:

Ակցիային աջակցում է Իտալիայում ամենահայտնի օրաթերթերից մեկը` La Reppubllica-ն: Ակցիայի մասնակիցները դրանով ցանկանում են իրենց բողոքն արտահայտել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի` կանանց մասին արված վերջին հայտարարությունների, ինչպես նաև նրա հայտնի կնամոլի համբավի վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Միլանի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Բեռլուսկոնիի կողմից անչափահաս մարմնավաճառների ծառայություններով օգտվելու կապակցությամբ: Ինքը` Բեռլուսկոնին, հայտարարում է, որ երբեք չի վճարել սեքս-ծառայությունների համար:

Նշենք, որ շաբաթ օրը Միլանում անցնելու է Բեռլուսկոնիի դեմ նախատեսված մեկ այլ  բողոքի ակցիա, որին խոստացել է մասնակցել համաշխարհային համբավ ունեցող իտալացի լեզվաբան և գրող Ումբերտո Էկոն:

Նույն օրը Իտալիայում ևս մեկ ակցիա կանցկացվի, որի կարգախոսն է` «Իտալիան պոռնկանոց չէ»: