Home / Հայաստան / Եվրոյոնջաները, եվրովնգստոցը և մեծ կապիկությունը` ըստ Փաշինյանի

Եվրոյոնջաները, եվրովնգստոցը և մեծ կապիկությունը` ըստ Փաշինյանի

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որը գրվել է հունվարի 12-ին: Օրաթերթի խմբագրությունը հոդվածը ստացել է երկուշաբթի: Ներկայացնում ենք «Բարև` եվրոպական թախիծ» հոդվածն ամբողջությամբ.

«Եվրո` դե ինչպես չասես, յոնջաները Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո խորը հոգոց հանեցին, թե բա իզուր ենք մենք` յոնջաներս, էս ինչ եմ ասում` եվրոպացիներս, վստահությամբ վերաբերվել բարեփոխումներ անելուն ուղղված` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևական քայլերին: Ողբում է, վնգստում է Եվրոպան Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչ խոսք, Բելառուսում նախագահական ընտրություններն ապօրինի են եղել, բայց այստեղ, ի տարբերություն Հայաստանի, մարդ չեն սպանել: Բայց եվրովնգստոցը ինչ-որ շատ տպավորիչ է ստացվում: Պատճառն ամենևին էլ ընտրությունների խայտառակ ընթացքը չէ, այլ այն պարզ իրողությունը, որ Լուկաշենկոն որոշել է փակել ԵԱՀԿ առաքելությունը Բելառուսում: Հայաստանյան ավազակապետությունը նման քայլ չարեց, այլ ընդհակառակը, 2008թ. նախագահական ընտրություններից առաջ գործարքի գնաց ԵԱՀԿ-ի հետ. ՀՀ-ն, ի հեճուկս Ռուսաստանի խորհրդի, ԵԱՀԿ-ին հրավիրում է դիտարկել ընտրություները, ԵԱՀԿ-ն էլ` սրա փոխարեն համը չի հանում ընտրական գործընթացը գնահատելիս: Այդպես էլ եղավ. չնայած 2008թ. նախագահական ընտրությունները պսակվեցին սպանդով և պետական հեղաշրջմամբ, ԵԱՀԿ դիտորդները եվրոյոնջային վայել դիրքում: Արևմուտքը մեր տարածաշրջանում, այդ թվում և Հայաստանում մի խնդիր է հետապնդում. որ ՀՀ-ն վերջնականապես և անվերադարձ չդառնա Ռուսաստանի ֆորպոստը: Քանի դեռ ավազակապետությունը շարունակում է որոշակի կոնտակտների և համագործակցության գնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ` Արևմուտքը թքած ունի ժողովրդավարության վրա էլ, օրինականության վրա էլ, Մարդու իրավունքների վրա էլ: Իսկ Սերժ Սարգսյանը Եվրոպայի հետ Արևելյան գործընկերություն է անում, նախարարություններում կաբինետներ է տալիս ժորժիկներին, զորավարժություններ է անում ՆԱՏՕ-ի հետ և էլի, էլի այսպիսի բաներ: Հա, նաև ասում է արևմտյան միսիոներներին, որ եթե իրեն շատ ճնշեն, ինքն անվերադարձ ու աներկբա կդառնա ռուսական գուբերնատոր: Արևմուտքի ջերմացումը, ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ սկսվեց այն ժամանակ, երբ վերջինս բացահայտ հակամարտության գնաց Ռուսաստանի հետ: Երկար չտևեց: Շեյխիկ Իլհամն էլ Արևմուտքին ձեռնտու է նույն պատճառով. դիմադրում է Ռուսաստանին, նաև իսլամիստներին: Ջայնամ, թե ամեն օր չի բռնաբարում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, Մարդու իրավունքները: Քավ լիցի, որևէ բանում չեմ մեղադրում Արևմուտքին. սա ո՞վ է, որ մի բան էլ մեղադրեմ: Այն շարժվում է իր քաղաքական շահերին համապատասխան: Պարզապես ցավալի է, որ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, Մարդու իրավունքներ կոչվող բարձր արժեքները վեր են ածում մի մեծ կապիկության:

Հ.Գ. Հիշո՞ւմ եք, չէ՞, որ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը 2010-ի երևանյան այցի ժամանակ մտահոգություն արտահայտեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի վերափոխված տարբերակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանն էլ խոստացավ, որ էլի կբարեփոխեն օրենքը: Մեր վատագույն կանխատեսումներն իրականացման: «Ա1+»-ի և ԱԼՄ-ի հարցը լուծեցին, հիմա կբարեփոխեն օրենքը, որը հաճախականությունների բաշխման մասով առաջիկա 10 տարիներին չի օգտագործվի: Շուտով կփոփոխեն նաև Ընտրական օրենսգիրքը, և և ընտրությունները կկեղծեն ոչ թե հին, այլ նոր Ընտրական օրենսգիրքը բռնաբարելով: Կարևորը` վենետիկյանները գոհ մնան»: