Home / Հայաստան / «Գնա նիստերիդ մասնակցի». Ոստիկանները ստիպել են ԱԺ պատգամավորին լաց լինել

«Գնա նիստերիդ մասնակցի». Ոստիկանները ստիպել են ԱԺ պատգամավորին լաց լինել

ՀՀ կառավարության շենքի դիմացի մայթին բացօթյա առևտրի արգելքի դեմ բողքողների ակցիայի ընթացքում բավական լարված իրավիճակ է ստեղծվել:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ոստիկանները կոպտորեն հրում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև ակցիայի մասնակիցներին: Ոստիկանները նաև ուժեղ հարվածում էին պատգամավորներին, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանին, գործը հասնում էր անգամ ոտքով և բռունցքով հարվածների: Այդ ընթացքում Անահիտ Բախշյանը իրեն վատ է զգացել, սկսել է լացել, մարդիկ շտապ օգնության մեքենա են կանչել և պատգամավորին տեղափոխել են մեքենայի մեջ:

Ոստիկանական գործողությունների ղեկավարներից մեկը, դիմելով Արմեն Մարտիրոսյանին, ասել է. «Գնա նիստերիդ մասնակցի»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը բոյկոտում է ԱԺ նիստերի ընթացիկ քառօրյան:

Ակցիայի վայրում ներկա են եղել նաև հասարակական ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը և Վարդգես Գասպարին: Վերջինիս հրելու ընթացքում նա սկսել է գոռալ` «խուլիգաններ, տականքներ», որից հետո ոստիկաններից մեկն այնպիսի ուժով է հրել Գասպարիին, որ վերջինս ընկել է: 6 ոստիկաններ նրան տեղափոխել են ոստիկանական մեքենա և տարել են ակցիայի վայրից:

Այդ իրադարձություններից հետո ոստիկանները մեծ արագությամբ լքել են ակցիայի վայրը: Բողոքավորներն ու ակտիվիստները գոռում էին նրանց հետևից. «Հրաման եք ստացել, դրա համար եք գնում»: Այնուհետև ակցիայի մասնակիցները կանգնել են մեկ գծով` ձեռքերում պահելով «Ճանաչիր իմ ատելու իրավունքը» գրությամբ պաստառը: