Home / Հայաստան / Պետք է բավարարված լինել. ռուսաստանցի քաղաքագետը` Սարկոզիի «ժեստի» մասին

Պետք է բավարարված լինել. ռուսաստանցի քաղաքագետը` Սարկոզիի «ժեստի» մասին

Սարկոզին ներքին քաղաքականությունում իր շահերն ունի, և այստեղ կարևոր դեր է խաղում մեծաթիվ հայկական սփյուռքի աջակցությունը ստանալու նրա ձգտումը:  Հենց սրանով էր պայմանավորված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերի Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Անկարային ուղղված նրա կոչը: Այս մասին Analitika.at.ua-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, Կովկասագետների միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

«Իհարկե, Նիկոլա Սարկոզիի այցը ցույց է տալիս Հարավային Կովկասում կարևոր դերակատարություն ունենալու Ֆրանսիայի և Եվրամիության ձգտումները: Սակայն  ակնհայտ է, որ Ֆրանսիան և ԵՄ-ը խիստ զբաղված են իրենց ներքին և արտաքին խնդիրներով, որպեսզի կարողանան Հարավային Կովկասի վրա այնքան ուշադրություն դարձնել, որքան, օրինակ, Լիբիայի և Իրաքի վրա: Եվ դժվար թե եվրոպական առաջնորդների այցելությունները Հարավային Կովկաս կարողանան որևէ սկզբունքային հարց լուծել:

Հարավային Կովկասի երկրների պաշտոնական արձագանքը Նիկոլա Սարկոզիի այցին ոչ միշտ է ցուցադրում իրականության իսկական վիճակը:  Բաքվի մտահոգության պատճառները սովորական են, այնտեղ, ինչպես և Թուրքիայում, հերքում են Ցեղասպանությունը: Դեռ ավելին, այնտեղ ակնկալիքներ կան, որ որևէ մեկը Ադրբեջանի համար կլուծի Ղարաբաղի հարցը: Սկզբում Բաքվի հիասթափությունը պայմանավորված էր նրանով, որ «գազը Ղարաբաղի փոխարեն»  գործարքի շնորհիվ Արևմուտքը Ղարաբաղը չփոխանցեց Ադրբեջանի վերահսկողության տակ: Հետո Ադրբեջանի այդ նույն ցանկությունները կապված էին Ռուսաստանի հետ: Սակայն նման հիասթափությունները օրինաչափ են, բոլոր միջազգային խաղացողներն իրենց շահերն ունեն, և Ղարաբաղի հարցը նրանց կողմից դիտարկվում է այդ շահերի համատեքստում:

Սարկոզին Ֆրանսիական հանրապետության կողմից Երևան բերեց ֆրանսիացի մեծ քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակը, որն այժմ տեղադրված է ֆրանսիական հրապարակում: Նա Թբիլիսի էր ժամանել առանց նվերների և շատ կարճ ժամանակով: Կովկասում նման խորհրդանշական ժեստերը հատուկ խորհուրդ ունեն: Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան տարաձայնություններ ունեն մի շարք միջազգային հարցերում: Սարկոզին Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում կրկնեց իր դիրքորոշումը, այսեղ  ոչ մի նոր բան չկար: Սակայն Վրաստանի իշխանություններին հարևանների հետ չկռվելու մասին հրապարակավ տված խորհուրդը դժվար թե կարելի է գնահատել որպես պաշտոնական Թբիլիսիի դիվանագիտական հաղթանակ, ընդհակառակը:

Իսկ Հայաստանի իշխանությունները Սարկոզիի այցից բավարարված լինելու հիմքեր իսկապես ունեն: Այստեղ նաև Ֆրանսիայի նախագահի ցուցադրական ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ`Փարիզը Ռոդենի քանդակները աջ ու ձախ չի նվիրում: Կրկին հաստատվեց Ֆրանսիայի և ԵՄ-ի` Ղարաբաղյան հարցը ուժային տարբերակով լուծելու անհնարինության վերաբերյալ դիրքորոշումը, ինչը Երևանում Բաքվից բոլորովին տարբեր զգացումներ է արթնացնում: Բացի դա, Ֆրանսիայի նախագահը հնարավորություն ուներ համոզվել, որ  Հայաստանում ժողովրդավարության առավել հասուն վիճակ կա, քան  հարևան երկրներում: Հենց Սարկոզիի այցի նախօրեին Երևանի կենտրոնում սկսվել էր մի քանի օր տևող բողոքի ակցիան: Լավ հայտնի է, թե ինչ դաժան կերպով են ցրվում նման ակցիաները Թբիլիսիում և Բաքվում: Այնպես որ, հայկական ընդդիմության ցույցի հետ համընկած այցը ակնհայտ ցույց էր տալիս ժողովրդավարության և քաղաքական ազատության վիճակը Հարավային Կովկասում: Եվ այստեղ բավականության զգացում պետք է ունենան ոչ միայն հայկական իշխանությունները, այլև ընդդիմությունը»,- ասել է  Ալեքսանդր Կրիլովը: