Home / Հայաստան / Ուժեղ, ամուր և արագ. իռլանդացիների մարզիչը գնահատում է հայերին

Ուժեղ, ամուր և արագ. իռլանդացիների մարզիչը գնահատում է հայերին

Կասկած չկա, որ Հայաստանի հավաքականը Իռլանդիայի ընտրանու համար Դուբլինում խնդիրներ կստեղծի: Այս մասին են գրում իռլանդական թերթերը` անդրադառնալով Եվրո-2012-ի ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղին, որը որոշիչ է լինելու փլեյ-օֆի ուղեգրի համար պայքարում:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս միտքը հաստատել է նաև իտալացի Մարկո Տարդելլին, ով օգնում է Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիին:

Տարդելլի խոսքով` նախորդ տարվանից Հայաստանի ընտրանու խաղն աճել է, և իռլանդացիները հաջողակ են եղել` մրցաշարի առաջին խաղում հաղթելով հայաստանցիներին:

«Մենք DVD-ով դիտել ենք Հայաստանի հավաքականի բոլոր հանդիպումները: Մենք գիտենք, որ նրանք ուժեղ են, ֆիզիկապես ամուր և արագ, այդ իսկ պատճառով դժվար խաղ ենք ակնկալում: Նրանք ավելի լավ խաղում են կիսապաշտպանությունում և հարձակման գծում: Գուցե, որոշ սխալներ գործում են պաշտպանությունում», – ասել է Տարդելլին:

Նա նաև վերահաստատել է Տրապատոնիի խոսքերն առ այն, որ Իռլանդիայի հավաքականի ավագ և առաջատար հարձակվող Ռոբի Քինի` խաղադաշտ դուրս գալու հնարավորությունները նվազագույն են գնահատվում:

«Մենք կհուսանք մինչև վերջ, թեև բարդ է ակնկալել, որ նա կվերականգնվի», – ասել է Տարդելլին: