Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը պատմել է աճի մասին

Տիգրան Սարգսյանը պատմել է աճի մասին

Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, նիստի ընթացքում Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման միտումները:

Նա նշել է, որ վիճակագրության համաձայն մեր երկրում արձանագրվել է 3,5 տոկոս տնտեսական աճ, որը տարեկան կտրվածքով ծրագրավորվել է 4,6 տոկոս: «Գտնում ենք, որ դա իրատեսական ցուցանիշ է: Ծրագրված գնաճը՝ 4 տոկոս 1,5 տոկոսանոց միջանցքում, այսօրվա գնահատականներով նույնպես իրատեսական ցուցանիշ է: Այսինքն, 2011 թվականին մեզ կհաջողվի էապես նվազեցնել գնաճային ցուցանիշը նախորդ տարվա համեմատ, մասնավորապես, 10 տոկոսանոց գնաճի միջավայրից սահուն կերպով տեղափոխվել 5 տոկոսանոց գնաճային միջավայր: 2012-ի համար պլանավորում ենք 4 տոկոսանոց գնաճ՝ 1,5 տոկոսանոց միջանցքում»:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտը նշված ժամանակահատվածում բավական բարձր տեմպերով վերականգնվում է. այստեղ արձանագրվել է 21 տոկոսանոց աճ: Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 12-14 տոկոսանոց աճ, առևտրի շրջանառությունում՝ 7 տոկոս, ծառայությունների մատուցման ոլորտում՝ 4 տոկոսանոց աճ: Առաջին 8 ամիսների ընթացքում մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսվ, ընդ որում, արտահանումը՝ 30 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15-18:

Սարգսյանի գնահատմամբ՝ դրամն այս տարվա ընթացքում ունի կայուն վարքագիծ:

Խոսելով պետական բյուջեի կատարողականի մասին՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ այն եկամտային մասով գերակատարվում է. հարկերը հավաքագրվում են թվաբանական ճշգրտությամբ՝ առանց ծրագրային շեղումների, իսկ ծախսային մասով արձանագրվել է 50 մլրդ դրամի խնայողություն:

Մեր երկրի արտաքին պարտքը կազմում է Համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը: Այն ավելացվել է՝ բյուջետային ծախսեր կատարելու և ՀՆԱ-ի աճի պահպանման համար: Հաջորդ տարի պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3,1 տոկոսը: Հետագայում՝ 2013-2014 թվականներին այն չպետք է գերազանցի 3 տոկոսը: Այս սցենարի ներքո էլ կանխատեսել ենք, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ՀՆԱ-ի աճը՝ 2012 թ.-ի համար պլանավորելով 4,2 տոկոսանոց տնտեսական աճ», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` 2012թ. կառավարությունը ծրագրել է մի քանի խոշոր նախագծեր, որոնք նույնպես ապահովելու են մեր երկրի տնտեսական աճը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ IT սեկտորում այս տարի արձանագրվել է լուրջ աճ, որը կշարունակվի նաև 2012 թ.:

Նրա մատուցմամբ` միջազգային տարբեր կազմակերպությունների հետ այս ոլորտում նախատեսվում է մի քանի խոշոր ծրագրերի իրականացում, որոնք Հայաստանը դարձնելու են ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն: