Home / Հայաստան / Օմբուդսմենը լրագրողներին տեղեկացրել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան

Օմբուդսմենը լրագրողներին տեղեկացրել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղերձ է հղել լրագրողներին` հայտարարելով, որ Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ դիմելու է ՀՀ Սահմանադրական դատարան:

«Զբաղվելով մասնավոր փաստաբանական գործունեությամբ և տարիներ շարունակ դասավանդելով տեղեկատվական իրավունք՝ 2009 թվականի մարտին առաջարկեցի օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը և քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար: Իրականում, իմ առաջարկը գրեթե բառացի կրկնությունն էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականին ընդունված 1577 բանաձևի:  Իմ առաջարկից մեկ տարի չորս ամիս անց մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ ընդունվեց օրենք, որն էականորեն (միգուցե դրականորեն) տարբերվում էր իմ նախագծից:

Խոնարհաբար ընդունելով իմ համոզմունքների ազատ արտահայտման համար լրագրողական համայնքում առկա քննադատությունն ու բացասական վերաբերմունքը` չեմ կարող հրաժարվել հետևյալներից.

-Խոսքի ազատությունը շատ կարևոր արժեք է, և նույնքան կարևոր է անձի (նույնիսկ Ձեր չսիրած անձի) արժանապատվությունը և մասնավոր կյանքը:

-Ներկայիս օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին և լավ կիրառման դեպքում կարող է արդյունավետ երաշխավորել և խոսքի ազատության, և անձի արժանապատվության իրավունքը:

-Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խոսքի ազատությունը, եթե այդ ազատությունը որոշ գործերով չվտանգեր ներկայիս օրենսդրությունն ապօրինի և անարդար կիրառող դատավորը (այսուհետ՝ անօրեն դատավոր):

Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ,  այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը և ՀՀ օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին և ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թևերին ու պետությանը: Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի և մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է: Հետևաբար, խոսքի ազատության պաշտպանության համար այսօր իրականում անհրաժեշտ է հանրային գործուն վերահսկողություն օրենքի կիրառման և արդարադատության իրականացման նկատմամբ: Այս համոզմամբ էր գրվել իմ ապրիլյան ուղերձը դատավորներին: Այս նպատակով էր մայիսին իմ կողմից հիմնվել Տեղեկատվական վեճերի խորհուրդը:

Այդուհանդերձ, հաշվի առնելով,  որ իմ համոզմունքներն ու մոտեցումները կարող են ընկալվել որպես օրենսդրական փոփոխության գաղափարն առաջարկողի կանխակալություն, ինչպես նաև հասկանալով այն պնդումը, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով՝ որոշել եմ մեր այս մտահոգությունները փոխանցել ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը», – ուղերձի տեքստն է փոխանցում ՄԻՊ գրասենյակը: