Home / Հայաստան / Դոլարի աճը հիմնականում պայմանավորված է ընտրություններով. տնտեսագետ

Դոլարի աճը հիմնականում պայմանավորված է ընտրություններով. տնտեսագետ

Դրամի արժեզրկումը պայմանավորված է ոչ այնքան միջազգային տնտեսության մեջ կատարվող փոփոխություններով, այլ առաջին հերթին խորհրդարանական ընտրություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Տարեսկզբից մոտ 350 միլիոն դոլարի արտահոսք ենք ունեցել:  Այս ամենը կատարվեց այն դեպքում, երբ տնտեսությունը կարծես համաչափ աճում էր տարվա առաջին եռամսյակում: Բանն այն է, որ փողը բաժանելը սկսեցին ավելի ուշ: Մայիսի սկզբի օրերին աճն այնքան էր կազմում, որքան ոչ ընտրական տարիներին ողջ մարտ ամսին է եղել: Մակրոտնտեսական հիմա ունեցած ցուցանկշներով մեր ժողովուրդը վճարեց մի ԱԺ կազմելու համար, որը ոչինչով չի տարբերովում նախորդից»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Ասատրյանը` հիշեցնելով, որ դրամն անկման նման ցուցանիշներ են եղել նաև 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո:

Ըստ տնտեսագետի` դրամի արժեզրկումը պայմանավորված է երեք գործոններով` տարեսկզբից նկատվող արտարժույթի փախուստով (մոտ 250 միլիոն նվազում ենք ունեցել), տրանսֆերների աճով, արտահանման և ներկրման հարաբերության փոփոխությամբ` պայմանավորված հավելյալ արտարժույթի ներհոսքով:

Բագրատ Ասատրյանը հիշեցրել է, որ նավթի գները միջազգային շուկայում անկում են ապրել 25%. եթե մարտին մեկ բարել նավթը արժեր 124 դոլար, ապա հունիսի 5-ին`  95 դոլար, մինչդեռ Հայաստանում բենզինի գինը նվազել է միայն 10 դրամով:

Այն հարցին, թե ինչ հետագա զարգացումներ պետք է ակնակալենք, ինչ արժույթով խնայողությունները պահել` Բագրատ Ասատրյանն ասել է, որ ոչ մի սարսափելի բան այլևս տեղի չի ունենա, խորհուրդ է տվել շարունակել ժպտալ ու սիրահարվել, իսկ գումարները պահել մի մասը` դրամով, մյուս մասը` դոլարով: Այս խորհրդին, տնտեսագետի կարծիքով, ճիշտ կլինի, որ հետևի նաև պետությունը:

«Ոչ մի բան չի փոխվել, բնական է, որ Տիգրան Սարգսյանն է շարունակելու վարչապետ լինել: Ժողովրդին ասում են, խելքդ գլուխդ հավաքի, մեզ ձեռ է տալիս  էս օլիգարխիկ համարկարգը, գլուխդ կախի, ընտրի ում ասենք, թե չէ նորից Մարտի 1 լինի: Ես կանխատեսում եմ, որ այս տարի ևս 50,000 մարդ կարտագաղթի», – նոր ձևավորվելիք կառավարության մասին կանխատեսումներ անելով` ասել է Ասատրյանը: