Home / Հայաստան / ՀՅԴ-ն չի կարողանում որոշել նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափը

ՀՅԴ-ն չի կարողանում որոշել նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափը

ՀՅԴ-ն շատ դժվար է կողմնորոշվում առաջիկա նախագահական ընտրությունների թե մասնակցության, թե ինչ-որ մեկին սատարելու խնդրում, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցն այստեղ համարում են փակված:

«Լուրեր են շրջում, թե ինքը` Հովհաննիսյանն ասել է, որ «հասարակական այս անբարենպաստ պայմաններում էդ էր ինձ պակաս»: Սակայն առավել հավանական է այն տեղեկությունը, որ ՀՅԴ վերնախավը նրան այլևս չի տեսնում թեկնածուի կարգավիճակում», – գրում է թերթը:

Դաշնակցությունում քննարկվել է նաև Հրանտ Մարգարյանի թեկնածության հարցը: Վերջինս հրաժարվել է` ասելով, որ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի կարգավիճակն ավելի բարձր է, քան ՀՀ նախագահինը, այն պարզ պատճառով, որ բյուրոն միջազգային կառույց է:

ՀՅԴ-ում կոնսենսուս չկա նաև ինչ-որ մեկին սատարելու հարցում: Սերժ Սարգսյանին չեն պաշտպանի, Քոչարյանը չի առաջադրվում, Օսկանյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է, Ծառուկյանին նույնպես չեն պաշտպանի՝ քաղաքական կուսակցությանը վայել չէ օլիգարխին պաշտպանելը:

«Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում առաջադրի Արծվիկ Մինասյանի և կամ Արտյուշա Շահբազյանի թեկնածությունը` զուտ օլիմպիական մասնակցության սկզբունքից ելնելով: Թեև դա էլ դեռ մեծ հարցականի տակ է», – հավելում է «Հրապարակը»: