Home / Հայաստան / Մինչ այժմ բավարարվում էին հանձնարարականներով, այսուհետ պատժելու են, խոստացել է վարչապետը

Մինչ այժմ բավարարվում էին հանձնարարականներով, այսուհետ պատժելու են, խոստացել է վարչապետը

Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է շինարարության ոլորտում բացահայտված չարաշահումներին՝ նշելով, որ շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում խայտառակ պատկեր է բացվել:

«Տեղյակ եք, որ անցած շաբաթ ես այցելել էի Շիրակի մարզ։ Կոնկրետ պետական բյուջեից 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար։ Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով շուրջ 200 մլն դրամն ուղղակի փոշիացված է։ Ավելին, դպրոցը երրորդ աստիճանի վթարային է, և նշանակում է, որ այդ ծախսերը մենք ուղղակի անիմաստ ենք կատարել։ Նմանատիպ իրավիճակ բացահայտվել է Մասիսում՝ 5-րդ դպրոցում։ Ցավով եմ նշում, որ սա ստացվում է, որ մեկ-երկու դեպք էր, որ մենք բացահայտել էինք Ազգային գրադարանի հետ կապված, ու ցավով եմ նշում, որ հենց դպրոցաշինության ոլորտում, որը մեր առաջնահերթություններից մեկն է, այսպիսի մեծածավալ փոշիացումներ են տեղի ունենում։ Ինձ նախարարը զեկուցեց, որ գործերն արդեն հանձնվել են դատախազություն, և մենք ուշադիր հետևելու ենք այս գործերին, որպեսզի մեղավորներն անպայման պատժվեն։ Նոր գործերը նույնպես անպայման հանձնելու ենք դատախազություն», – ասել է վարչապետը։

Սարգսյանի խոսքով՝ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի ամեն տարվա հաշվետվություններում ներկայացվում են ըստ ոլորտների բացահայտումներ, թերություններ, բացթողումներ։

«Մինչև այսօր մենք բավարարվել ենք հանձնարարականներով` շտկել, վերացնել, վերականգնել գումարները։ Այսուհետև այդպես չի լինելու։ Այսուհետև անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ խախտումները։ Խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, վերահսկողության բոլոր արձանագրություններին ծանոթանաք և այս հերթական ստուգումները, որ տարեկան ծրագրով իրականացնում ենք, զգուշացնեք ձեր աշխատակազմերի ղեկավարներին, վարչությունների պետերին, որ այսուհետև լինելու են պատիժներ, և մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն, մանավանդ եթե պետական բյուջեին հասցվում է ֆինանսական վնաս», – ասել է կառավարության ղեկավարը: