Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանը եղբոր որդուն ցանկանում է թաղապետ դարձնել

Սամվել Ալեքսանյանը եղբոր որդուն ցանկանում է թաղապետ դարձնել

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ոչ միայն ՀՀԿ գլխավոր շտաբն է աշխատում «խրված», այլև վարչական շրջաններն ու դրանց ղեկավարները, որոնք նույնպես ընդգրկված են ավագանու ցուցակներում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, ակտիվ աշխատողներից ոմանց հեռանկարային խոստումներ են տրվել:

«Դա է թերևս պատճառը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների ժամանակ պասիվ «լիազոր-ներկայացուցիչներն» այսօր ահավոր ակտիվ են՝ ժողովրդի «հոգս ու ցավին» դարման անելու «ազգապահպան» մտահոգությամբ: Ավելին, այս վարչական շրջանի բավականին հոծ բնակչություն ունեցող Հաղթանակ (Չորրորդ գյուղ) թաղամասում փորձում են հասնել նրան, որ գյուղի համար «հեղինակություն և ասող» Սմբատ Այվազյանը («Հանրապետություն» կուսակցության անդամ – խմբ.) չեզոքություն պահպանի», – գրում է թերթը:

«Հրապարակ»-ը նշում է նաև, որ Մալաթիայում ընտրված ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն էլ իրեն դիմած քաղաքացիներին կատակով ասել է՝ «Դավիթի ընտրություններն են, թող ինքն էլ մտածի»:

«Բանն այն է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին խոստացել են քաղաքապետի տեղակալ նշանակել: Օհանյանը երեկ, մեր հարցին ի պատասխան, ասել է, որ նման հարց որևէ մեկն իր հետ չի քննարկել: Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանն ամեն ինչ անում է, որ եղբոր տղան՝ Արտակ Ալեքսանյանը ևս «մտնի» մեծ քաղաքականություն: Դավիթ Օհանյանի՝ Երևանի քաղաքապետի տեղակալ դառնալու դեպքում Արտակ Ալեքսանյանը կփոխարինի նրան վարչական շրջանի ղեկավարի պոստում: Նա հիմա Օհանյանի տեղակալն է՝ ֆինանսների գծով», – եզրափակում է թերթը: