Home / Հայաստան / Խոշոր ամերիկյան ընկերությունն առանց մրցույթի գնում է «Որոտան» ՀԷԿ-ը. աղբյուր

Խոշոր ամերիկյան ընկերությունն առանց մրցույթի գնում է «Որոտան» ՀԷԿ-ը. աղբյուր

ՀՀ կառավարության և ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության միջև գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ամերիկյան կողմն առանց մրցույթի գնում է «Որոտան» ՀԷԿ-ը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Թերթը հիշեցնում է, որ տարիներ առաջ երբ ՀՀ կառավարոթյունը վաճառում էր Սևան-Հրազդան էներգակասկադը, նրա վրայից հանվել է 32 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը և դրվել «Որոտան» ՀԷԿ-ի ֆինանսական բալանսի վրա:

Թերթը նշում է, որ դա սովորական հիդրոկայան չէ, ստրատեգիական մեծ նշանակություն ունի ողջ էներգահամակարգի համար, քանի որ իր հզորությամբ կարողանում է ապահովել էներգահամակարգում լարման խիստ անհրաժեշտ հաճախականություն։ ՀԷԿ-ը նաև պետական գանձարանի խոշոր դրամական մուտքեր է ապահովում:

«Ժողովուրդ»-ը զավեշտալի է համարում այն փաստը, որ Հայաստանում դրսից ներդրում չի լինելու, այլ սույն ամերիկյան ընկերությունը վարկը վերցնելու է հայկական «Ամերիաբանկից»:

«Եվ սա այն դեպքում, երբ Contour Global Էներգետիկ կազմակերպությունը ոլորտի համաշխարհային «շնաձկներից» է, օբյեկտներ ունի բոլոր մայրցամաքներում և դրամական շրջանառության միջոցները մի քանի տասնյակ միլիարդ են կազմում»,– եզրափակում է թերթը:

Երեկ ԱԺ-ում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խոսելով «Որոտան» ՀԷԿ-ի մասին, ասել է, որ այն 40 տարվա կայան է, և նրա կյանքը մի քանի տարով ավելացնելու համար մեծ ներդրումներ են պահանջում: