Home / Հայաստան / «Տեսեք քարտեզը». ԼՂՀ-ում հանգիստ են ընդունել Սերժ Սարգսյանի հայտարարությունը

«Տեսեք քարտեզը». ԼՂՀ-ում հանգիստ են ընդունել Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Պաշտոնական Ստեփանակերտը բավական հանգիստ է ընդունել Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում իր քաղաքականությունը:

«Գտնում ենք, որ նման որոշումը բավականին լավ մտածված է եղել, ու հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային», – ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը:

Բաբայանը հավելել է, որ Հայաստանը պարտավորված է լավ հարաբերություններ ունենալ այն բոլոր պետությունների հետ, որոնք տարածաշրջանում մեծ կշիռ, հնարավորություններ և ազդեցություն ունեն:

«Ուղղակի պարզ տեսեք քարտեզը, ուրիշ ոչ մի բան, և հետո մտածեք՝ արդյոք կարող ենք վատ հարաբերություններ ունենալ կամ խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Ուղղակի պիտի նորմալ հարաբերություններ ունենալ և Ռուսաստանի, և Արևմուտքի, և Արևելքի՝ նույն Չինաստանի հետ, և մահմեդական աշխարհի», – հայտարարել է Բաբայանը:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը վճռորոշ դերակատարություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի ապագայի կամ կարգավիճակի հարցում: Բաբայանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի որոշումն ամենևին էլ Լեռնային Ղարաբաղով չի պայմանավորված և կարիք չկա շահարկել այդ հարցը: